Տիմոշենկոն ժամանել է Գերմանիա՝ բուժման նպատակով

10:46 • 08.03.14

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն մարտի 7-ին մեկնել է Գերմանիա՝ ողնաշարի բուժման կուրս անցնելու նպատակով, հայտնում է Корреспондент-ը։

 

Ինչպես հայտնում է DPA գործակալությունը, Տիմոշենկոյի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեռլինի Շենեֆելդ օդանավակայանում, որտեղից նա անմիջապես ուղևորվել է «Շարիտե» կլինիկա։

 

Այնտեղ մարտի 8-ին մամուլի ասուլիս կկայանա Տիմոշենկոյին բուժել պատրաստվող բժիշկների մասնակցությամբ։ Անձամբ նախկին վարչապետը մամուլի ասուլիսին ներկա չի լինի։

 

«Բացի այդ, նա չի պատրաստվում որևէ հարցազրույց տալ Բեռլինում գտնվելու ընթացքում»,- նշել են կլինիկայում։

 

Ըստ գերմանական օրենքների՝ բժիշկներն իրավունք չունեն իրենց հիվանդների մասին տեղեկություններ տարածել առանց նրանց ցանկության։ Այդ պատճառով էլ կլինիկայի ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանել Տիմոշենկոյի առողջական վիճակը։