Արսեն Ավակովն աշխատանքից ազատել է Ղրիմի ՆԳ նախարարին
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ազատել է տարածքային որոշ ոստիկանապետերի՝ այդ թվում՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետության ՆԳ նախարար Իգոր Ավրուցկուն, ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին Ավակովը գրել է Facebook-ի իր էջում։
Նա նշել է, որ ՆԳՆ-ին կից ստեղծել է հատուկ կադրային հանձնաժողով, որը պետք է հետևի, որպեսզի ոստիկանության ղեկավար պաշտոններում նշանակումները չարվեն «էմոցիոնալ և քաղաքական բաղադրիչներով»։
Իգոր Ավրուցկին Ղրիմի Ներքին գործերի նախարար էր նշանակվել մարտի 1-ին՝ Ավակովի որոշմամբ, սակայն փաստացի չէր կարողացել անցնել պարտականությունների կատարմանը։ Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսենովը ուժային բոլոր կառույցները կցել է իրեն և հրաժարվել է կատարել պաշտոնական Կիևի հրահանգը։
Երբ Ավրուցկին փորձել էր մտնել հանրապետության ՆԳՆ շենք, նրան դիմավորել էին Ղրիմի ինքնապաշտպանական խմբերի մարտիկները, և նախազգուշական կրակոցներ էին արձակել։ Շուտով Ավրուցկին հայտարարել էր պաշտոնից հրաժարվելու մասին։










