Գերմանացի ձկնորսը շշում 100 տարվա վաղեմության նամակ է գտել

10:52 • 09.03.14

Գերմանացի ձկնորսը Բալթիկ ծովում նամակով շիշ է գտել, որը թվագրվում է 1913թ.-ի մայիսի 17-ին. հաղորդում է Lenta.ru-ն։


Նամակ-բացիկը «փաթեթավորված» է եղել գարեջրի շշի մեջ։ Այն գրվել է Բեռլինի բնակիչ Ռիխարդ Պլատցի կողմից։ Նա խնդրել է նամակը գտնողին այն ուղարկել Գերմանիայի մայրաքաղաքում գտնվող իր տան հասցեին։


Ձկնորս Կոնրեդ Ֆիշերի խոսքերով՝ տեսնելով շիշը նա ցանկացել է այն դարձյալ Բալթիկ ծովը նետել, սակայն իր գործընկերն ասել է, թե դրա մեջ ինչ-որ բան կա։ Բացիկը գնվել է Դանիայում, դրա վրա երկու գերմանական նամականիշ կա։ Նամակի հեղինակը զոհվել է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։


Ձկնորսը դեռ չի որոշել, թե ինչ է անելու նամակի հետ։ Նա մտադիր է այն հանձնել փորձագետներին, իսկ հետո կամ նվիրել որևէ թանգարանի, կամ դնել աճուրդի։


Ֆիշերի գտած նամակը շշում գտնված ամենահին նամակներից է։ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենահին նամակը, որը գտել են շշի միջից, 97 տարվա պատմություն ունի։ 2013թ.-ի սեպտեմբերին Կանադայում տղամարդը գտել էր մի նամակ, որը թվագրվում էր 1906թ.-ին, սակայն պաշտոնապես ամենահինը այն դեռ չի ճանաչվել։