Ռուս զինվորները գրավել են Նովոֆյոդորովկայի օդանավակայանը. Ուկրաինայի ՊՆ
Ռուս զինվորականները գրավել են Ղրիմի Ինքնավար Հանրապետության Նովոֆյոդորովկա ավանի օդանավակայանը (Սակիի շրջան), որտեղ գնդացիրներ են տեղադրում, Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության՝ Ղրիմի մեդիա կենտրոնի ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը:
«Նովոֆյոդորովկայի աղբյուրներից հայտնի է դարձել, որ օդանավակայանը գրավել են մոտ 80 ռուս զինվորներ, ովքեր թռիչքուղու երկայնքով կրակային կետեր են տեղակայել և գնդացիրներ են տեղադրում: Նրանց օգնում են քաղաքացիական հագուստով 45-50 անհայտ անձինք: Օդանավակայան ներխուժել են Միխայլովկայի կողմից, քանի որ չեն կարողացել ստիպել բրիգադի հրամանատարին բացել հիմնական դարպասները»,- ֆեյսբուքյան իր էջում մարտի 9-ին գրառել է Սելեզնյովը:
Ինչպես հաղորդում են «Եվրամայդան SOS» քաղաքացիական նախաձեռնությունից՝ Նովոֆյոդորովկայի ռազմաբազան գրոհում են 4 ռուսական զինվորական ԿամԱԶ-ներ, զինվորական ստորաբաժանումներ և քաղաքացիական հագուստով անձինք:
«Օդային տարածությունում՝ զորամասի շուրջ, 2 ուղղաթիռ է գտնվում: Տեղեկությունն ստացվել է զորամասի հրամանատարությունից», - ասվում է հաղորդագրության մեջ:










