Սիրիայի իշխանությունները սովամահ են անում խաղաղ բնակիչներին. Amnesty

11:00 • 10.03.14

Սիրիայի կառավարությունն օգտագործում է սովը որպես խաղաղ քաղաքացիների դեմ պատերազմի զենք, հայտնել են Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Իրավապաշտպանների տվյալներով՝ առնվազն 128 փախստական է մահացել սովից Դամասկոսի Յարմուկ պաշարված ճամբարում:

 

Ճամբարը, որտեղ գտնվում է 17-20 հազար սիրիացի և պաղեստինցի փախստական, կանգնած է «աղետալի մասշտաբների հումանիտար ճգնաժամի» շեմին, հայտնել են Amnesty-ից:

 

Ընտանիքները ստիպված են դուրս գալ փողոց՝ ուտելիք փնտրելու համար՝ վտանգելով իրենց կյանքը։

 

Թաղամասում, որտեղ գտնվում է ճամբարը, էլեկտրականություն չկա 2013 թվականի ապրիլից ի վեր, իսկ շատ հիվանդանոցներ փակվել են դեղորայքի սպառման պատճառով:

 

«Սիրիական զինված ուժերը ռազմական հանցագործություններ են իրականացնում՝ խաղաղ բնակչության շրջանում սովը որպես պատերազմի զենք օգտագործելով»,- հայտարարել է Մերձավոր Արևելքի գժով Amnesty-ի ղեկավար Ֆիլիպ Լյութերը:

 

Բնակիչները պատմում են, որ միրգ և բանջարեղեն չեն կերել արդեն մի քանի ամիս: Amnesty-ի տվյալներով՝ Յարմուկ ճամբարի 60 տոկոս բնակիչները թերսնվում են: