4 ուժերի ղեկավարների համագործակցությունից դրական ակնկալիքներ կարող են լինել. Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը դրական է վերաբերվում խորհրդարանական ոչ իշխանական չորս կուսակցությունների համագործակցությանը, որը, ըստ նրա, սկսվել է դեռ նախորդ տարվա վերջին՝ պարտադիր կուտակային կենսաթոշակայի համակարգի ներդրման մասին օրենքի շուրջ:
«Բայց ցանկացած պարագայում, որ խորհրդարանը բարձրացնում է ինչ-որ հարց, խնդիրը, որը մեր առջև ծառացած է, դուրս է մնում խորհրդարանի իրավասությունից: Սակայն եթե մենք գանք այն իրավիճակի, որ չորս քաղաքական ուժերը ղեկավարների մակարդակով սկսեն համագործակցել, դրական ակնկալիքներ կարող է լինել»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:
Ինչ վերաբերում է այդ ուժերի միջև համագործակցության նպատակով տեղի ունեցող հանդիպումներին, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «Ժառանգությանն» այդ հրավերը խորհրդարանական ֆորմատով կարվի, բայց վարչության մակարդակով դեռ չկա. «Ես չեմ կարծում, որ այդ հրավերի հետ խնդիր կարող է առաջանալ, ես կարող եմ ասել, որ մենք բաց ենք ցանկացած համագործակցության համար»:
Անդրադառնալով «Մարտի 1»–ի գործով հանձնաժողով ստեղծելու հարցին՝ կուսակցության փոխնախագահը նկատեց, թե դրանով գլոբալ առումով խնդիրներ չեն կարող լուծել. քանի դեռ կան ներկա իշխանությունները, պարզ է, որ մեծամասնությունը նման քայլի չի գնա, ուստի՝ մեղավորները չեն բացահայտվի։ Այդուհանդերձ, խնդիրն ակտուալ պահելու համար նա կարևոր է համարում այդ նախաձեռնությունը:
Արմեն Մարտիրոսյանը խոսեց նաև Ուկրաինայի մասին: «Չգիտեմ՝ ով շահեց, ով տուժեց, բայց որ կա մեկ շահող, դա ուկրաինացի ժողովուրդն է, որը հնարավորություն ստացավ կառուցել մի երկիր, որը զերծ կմնա կոռուպցիայից, անարդարությունից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ցանկացած պարագայում ուկրաինացիները վճարեցին այն գինը, որը պետք էր ազատության համար:
Վերջինիս կարծիքով՝ Ռուսաստանը կոպիտ սխալ թույլ կտա, եթե առանձնացնի Ղրիմը, քանի որ այնտեղ իսլամական գործոնը կակտիվանա: Եվ պոկելով Ղրիմը՝ կարճ ժամանակ հետո Ռուսաստանն ավելի ագրեսիվ դարձած Ուկրաինա է ունենալու:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ Ղրիմի և Արցախի միջև համեմատություն անցկացնելը բացարձակ տեղին չէ, քանզի այլ էր պարագան Արցախում, երբ ժողովուրդը հերթական ցեղասպանությունից փրկվեց:










