ԱԱԽ քարտուղարը «Ռոսկոսմոս»–ի պատվիրակության հետ քննարկել է տիեզերական ոլորտում ՀՀ–ՌԴ համագործակցությանը վերաբերող հարցեր

16:54 • 10.03.14

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության պատվիրակությանը` Սերգեյ Սերեդինի գլխավորությամբ: Համաձայն Արթուր Բաղդասարյանի և «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության ղեկավար Օլեգ Օստապենկոյի հետ ձեռք բերված պայմանավորվածության, գործակալությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է Հայաստանում ուսումնասիրություններ իրականացնել տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման և հանրապետությունում այդ ոլորտի առկա ներուժի օգտագործման հնարավորությունների վերաբերյալ: Այս մասին տեղկեկացնում են Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից։


Հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպմանը Արթուր Բաղդասարյանը նշել է, որ աշխատանքային խմբի ստեղծումը և այս հանդիպումը համահունչ են գիտատեխնիկական և արդյունաբերության ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցությանը:


Արթուր Բաղդասարյանը հիշեցրել է, որ «Ռոսկոսմոսի» հետ արդեն կա համագործակցության փորձ` մատնանշելով Ռուսաստանի Դաշնության և ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդների 2012-2013թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացվող Բյուրականի աստղադիտարանի համալիր արդիականացման աշխատանքները:


ԱԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանն ունի գիտական մեծ ներուժ, որը կարող է արդյունավետորեն օգտագործվել տիեզերական ուսումնասիրությունների, հայտնագործությունների և ճյուղային արտադրության զարգացման ոլորտում: Նա աշխատանքային խմբին տեղեկացրել է, որ Հայաստանում առկա են ձեռնարկություններ, որոնք կարող են ռուսաստանյան ձեռնարկություններին մատակարարել տիեզերագնացության մեջ օգտագործվող ռադիոէլեկտրական սարքավորումներ:


«Ռոսկոսմոսի» ներկայացուցիչները արդյունավետ են գնահատել համագործակցության հնարավորությունները և պատրաստակամություն հայտնել առաջիկայում հայկական ձեռնարկությունների հետ ընդլայնել փոխգործակցության ուղղությունները:


Արթուր Բաղդասարյանն ու Սերգեյ Սերեդինը անդրադարձել են տիեզերական ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության` ՀՀ ձեռնարկությունների և «Ռոսկոսմոսի» միջև համատեղ հնարավոր ծրագրերի իրականացմանն առնչվող այլ հարցերի ևս:


Աշխատանքային խմբի անդամները հանդիպումներ են նախատեսում Բյուրականի աստղադիտարանում, Աշտարակի ռադիոֆիզիկական գիտահետազոտական ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարների հետ:


ԱԱԽ քարտուղարի հրավերով առաջիկայում նախատեսվում է նաև «Ռոսկոսմոսի» ղեկավար Օլեգ Օստապենկոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: