Դևիդ Քեմերոնին ծաղրել են Facebook-յան ընկերներ «գնելու» համար
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն անցած շաբաթ ծաղրի էր ենթարկվել Twitter սոցկայքում՝ Ուկրաինայի ճգնաժամը քննարկելու նպատակով Բարաք Օբամային զանգելիս իր լուսանկարը հրապարակելու համար: Այժմ վարչապետը մեկ այլ սոցիալական ցանցում է սխալ գործել՝ Facebook-յան ընկերներ է «գնել», գրում է The Guardian-ը՝ հղում անելով Daily Mail-ին:
Նրա կուսակիցները հազարավոր ֆունտ ստերլինգ են ծախսել գովազդի համար՝ Facebook-ի օգտատերերին Քեմերոնի էջը «հավանել» տալու նպատակով: Մարքեթինգի մասնագետները գնահատել են, որ արշավն արժեցել է մոտ 7.500 ֆունտ ստերլինգ, և արդյունքում՝ Քեմերոնի «like»-երի թիվը 47.000-ից հասել է 127.000-ի:
Լեյբորիստական կուսակցությունից Շեյլա Գիլմորն ասել է. «Թվում է՝ Դևիդ Քեմերոնը գնում է իր ժողովրդականությունը: Վերջ չկա նրա էգոյին, որը «fake» Facebook-ընկերների համար է վճարում»:










