Երբ ՌԴ–ն կընդունի Ղրիմն իր կազմում, կմիանա պուտինյան Ռուսաստանի փլուզման ժամացույցը. Դավիթ Շահնազարյան

15:02 • 10.03.14

Այն, ինչ տեղի ունեցել Ղրիմում, ունի մեկ գնահատական՝ ագրեսիա և օկուպացիա, ավելին՝ ոչ սադրանքներից առաջացած ագրեսիա: Նման կարծիք այսօր քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած քննարկմանը հայտնեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը և ընդգծեց, որ այն ինչ այսօր տեղի է ունենում ոչ թե Ղրիմի կամ Ուկրաինայի հարցն է, այլ Ռուսաստանի:


«Ռուսաստանը հայտարարել է, որ այն, ինչ կոչվում է միջազգային իրավունք, այլևս գոյություն չունի. ինքն իր շահերն է համարում միջազգային իրավունք, և սա ամենամեծ մարտահրավերն է միջազգային հանրությանը, որը առնվազն սառը պատերազմի կհանգեցնի: Սա կարելի է համեմատել Կարիբյան ճգնաժամի հետ»,-ասաց նա:


Դավիթ Շահնազարյանն ընդգծեց, որ իրավիճակը դուրս է եկել Կրեմլի վերահսկողությունից, և դրա ապացույցն այն է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին փախուստից հետո մեկ դավաճան հայտարարեց, իսկ հետո հայտարարեց լեգիտիմ նախագահ:


«Մյուս ապացույցն այն է, որ մի քանի անգամ Ղրիմի խորհրդարանը փոփոխեց հանրաքվեի անցկացման օրը, հիմա էլ որոշեց մարտի 16-ին այն անցկացնել: Այստեղ մեծ դեր պետք է ունենա միջազգային հանրությանը: Ստեղծված իրավիճակը Ռուսաստանի կողմից նետված ձեռնոց է միջազգային հանրությանը, որը արել էր Ռուսաստանը դեռևս 2008-ին՝ կապված Վրաստանի հետ, սակայն միջազգային հանրությանը այդ պահին պատրաստ չէր վերցնել ձեռնոցը: Բայց Մայդանն և Ուկրաինան ստիպելու են փոխել նրանց իրենց քաղաքականությունը»,-ասաց նա:


Դավիթ Շահնազարյանն այն համոզմունքը հայտնեց, որ այն պահից, երբ Ռուսաստանը կընդունի Ղրիմը իր կազմում և կհանի անեքսիան, այդ պահից կկատարվի հետևյալը.


«Այդ պահից միանում է պուտինյան Ռուսաստանի փլուզման ժամացույցը: Դա անխուսափելի է: Ռուսաստանը շատ խորը քաղաքական ու քաղաքակրթական մեկուսացման մեջ է: Մինչ օրս միայն Ասադն է պաշտպանել նրա այդ դիրքորոշումը: Բայց պետք է նկատի ունենալ, որ մինչև պուտինյան ռեժիմի փլուզումը, այն կարող է նոր չարիքներ պատճառել, այդ թվում՝ մեր տարածաշրջանում»,-ասաց նա: