«Դ!ԵՄ ԵՄ»–ը կհանդիպի Սլավոնական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դեմ հանդես եկող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը սույն թվականի մարտի 12-ին՝ ժամը 12:20, չցանկանալով խանգարել դասապրոցեսը և օգտագործելով երկար դասամիջոցը, բաց հանդիպում է կազմակերպում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ համալսարանի բակում։
Նախաձեռնության կայքում զետեղված հաղորդագրության մեջ ասվում է. ««Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը խիստ կարևորում է ուսանողության ներգրավվածությունը հասարակությանը սպառնացող վիճահարույց հարցերի քննարկման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության պայքարի մեջ:
Շատ կարևոր է, որ ուսանողությունը, հանդիսանալով քաղաքացիական հասարակությունը կազմող գիտակից ու պատասխանատու քաղաքացիների մի շերտ և լինելով վաղվա աշխատաշուկա մուտք գործող մասնագետներ, արտահայտի իր հստակ դիրքորոշումը հակասոցիալական ու հակասահմանադրական օրենքի շուրջ, ինչպես նաև ակտիվորեն ներգրավվի քաղաքացիական ու մարդու իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարի մեջ:
Մենք արդեն հանդիպել ենք ՀՊՃՀ-ի ուսանողների հետ, իսկ այս անգամ հանդիպում ենք Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողների ու դասախոսական կազմի հետ: Եվ ուրեմն, սույն թվականի մարտի 12-ին՝ ժամը 12:20, «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը, չցանկանալով խանգարել դասապրոցեսը և օգտագործելով երկար դասամիջոցը, բաց հանդիպում է կազմակերպում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ համալսարանի բակում»:










