«Դ!ԵՄ ԵՄ»–ը մարտի 22-ին հավաք-երթ կանցկացնի Ազատության հրապարակում
«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը մարտի 22-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Ազատության Հրապարակում հավաք-երթ կանցկացնի, այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության կայքից:
«Դ!ԵՄ ԵՄ»–ը հիշեցնում է, որ ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սահմանադրական դատարան՝ օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու պահանջով, և Սահմանադրական դատարանը գործի վարույթը կսկսի մարտի 28-ին։ Եվ այն կարող է ընթանալ անգամ մինչև երեք ամիս, հետևաբար, մարտի 28-ը պայքարի բեկումնային օր չէ, այլ ընդամենը դատաքննության առաջին օրը և իրենց պայքարը թևակոխում է նոր փուլ։
Հավաք-երթի նպատակներն են.
1. Հանրությանը ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել հունվարի 18-ի հավաք-երթից հետո և տալ տեղի ունեցած իրադարձությունների համաչափ գնահատականը:
2. Ցույց տալ ՀՀ կառավարման մարմիններին նախաձեռնության համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը:
3. ՍԴ-ից պահանջել հակասահմանադրական ճանաչել օրենքի վիճարկվող հոդվածներն, այլապես հարցի լուծման ուղին կմնա քաղաքացիական ընդվզումներն ու անհնազանդությունը:
Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետևյալ երթուղով.
Ազատության հրապարակ -> Մաշտոցի պողոտա -> Սայաթ-Նովա պողոտա -> Աբովյան փողոց -> Հանրապետության Հրապարակ -> Ամիրյան փողոց -> Մաշտոցի պողոտա -> Ազատության հրապարակ:










