ՏԻՄ ընտրություններին, նախնական տվյալներով, 40 համայնքներից հանրապետական գյուղապետեր չեն ընտրվել միայն 3-ում
Հանրապետության 9 մարզերի 40 համայնքներում երեկ՝ մարտի 9-ին, տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքներից, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների, միայն 3-ում են գյուղապետեր ընտրվել, որոնք Հանրապետական կուսակցության կողմից չեն առաջադրվել կամ ինքնաառաջադրվել, մյուսներում ՀՀԿ-ականները գրեթե առանց մրցակցության են ընտրվել կամ վերընտրվել։
Հանրապետական թեկնածուները 3 գյուղերում, որտեղ մրցակցություն է եղել, մի դեպքում զիջել են ՀՅԴ թեկնածուին, մյուս երկուսում՝ ԲՀԿ-ական թեկնածուներին։
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցել են հիմնականում կամ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ հանդիսացող թեկնածուներ, կամ անկուսակցականներ, որոնք առաջադրվել են դարձյալ այս կուսակցության կողմից:
ՏԻՄ ընտրություններին մասնակցել են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երեք թեկնածուներ, որոնցից երկուսը համայնքի գործող ղեկավարներ են եղել, մեկական թեկնածուներ՝ «Օրինաց երկիր», և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություններից:
Տավուշի մարզի Հովք համայնքում ընտրվել է ինքնաառաջադրված միակ ՀՅԴ թեկնածուն, ով 125 ձայնով առավելության է հասել ՀՀԿ գործող համայնքի ղեկավարին։ Իսկ Կոտայքի Հացավան համայնքում ԲՀԿ թեկնածուն առանց մրցակից ունենալու է վերընտրվել։ Իսկ արդեն Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում 652-481 ձայների հարաբերակցությամբ վերընտրվել է ԲՀԿ-ից առաջադրված թեկնածուն։
ԲՀԿ-ական մյուս թեկնածուն Արարատի Զորակ գյուղում զիջել է ՀՀԿ-ականին։ ՕԵԿ միակ թեկնածուն էլ Վայոց ձորի Եղեգիս համայնքում ընդամենը 9 ձայնի տարբերությամբ է զիջել ՀՀԿ մրցակցին՝ ստանալով 100 ձայն։
Նշենք նաև, որ ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 40 համայնքներից 21-ում քվեարկվել է 1 թեկնածու։
Tert.am-ի հետ զրույցում ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը նշեց, որ արդյունքները նախնական են և օրվա վերջում կարող են ասել դիմում-բողոքներ կան, թե՝ ոչ և արդյոք վերահաշվարկի կարիք կլինի։










