Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը մեկնում է Կիև՝ բռնության փաստերը քննելու համար
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը պատրաստվում է ժամանել Ուկրաինայի մայրաքաղաք Կիև՝ քննարկելու երկրում բռնության դեպքերի հետաքննմանը հետևելու նպատակով միջազգային խորհրդատվական խմբի ստեղծման հարցը։
Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, Կիև կատարելիք այցի շրջանակներում Յագլանդին կուղեկցի Խորհրդի արտգործնախարարների հանձնաժողովի նախագահ Սեբաստիան Կուրցը։
Հայտնի է, որ եվրոպական պատվիրակությունն ու ուկրաինական կողմը կքննարկեն նաև Եվրոպայի խորհրդի առաջարկը, որը ենթադրում է օգնություն տրամադրել երկրում փոքրամասնությունների իրավունքների ոլորտում ուսումնասիրություններ կատարելու համար։
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել պաշտոնական Կիևին բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած բռնությունների դեպքերը հետաքննելու հարցում։










