Վիճաբանություն և քաշքշուկ Գորիսում. նշվում է Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու անունը
Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ռեստորանում 1987 թ. ծնված Էյներ Խ.-ի և 1969 թ. ծնված Հրայր Հ.-ի մասնակցությամբ Մարտի 8-ին` ժամը 21:30-ի սահմաններում, վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկություններ են ստացվել Ոստիկանության Գորիսի բաժնում, և այն Tert.am-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Էյներ Խ.-ն և Հրայր Հ.-ն հրավիրվել են բաժին: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Ինչպես Tert.am-ին փոխանցեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, միջադեպի մասնակիցների շարքում է հենց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին՝ Էյներ Խաչատրյանը:
«Ես ուղղակի լսել եմ այդ դեպքի մասին, պարզապես գտնում եմ, որ պետք չէ զարմանալ»,-ասաց նա և պատմեց, որ 2004թ.-ի փետրվարի վերջերին վերջինս Սուրիկ Խաչատրյանի մյուս եղբոր՝ Գորիսում հայտնի Հոպոպի որդի Մայիս Խաչատրյանի հետ Գորիսում առանձնակի դաժանությամբ սպանել է Գորիսի բնակիչ, երեք մանուկների հայր Հովհաննես Բադալյանին, և այդ նույն է Խաչատրյանը մեկ օր անգամ չի ազատազրկվել:
Սամվել Հարությունյանի խոսքով՝ Էյներ Խաչատրյանի մասնակցությամբ Գորիսում բազմաթիվ ապօրինություններ են եղել, և շատերը կվկայեն, որ նրանց նմանները չեն հանգստանում, եթե օրական մի քանի հանցանք չեն հեղինակում:
«Այդ գերդաստանի բոլոր տղամարդյկանց արյունները եթե տանեն ու ստուգեն, կտեսնեն, որ բոլորը թմրամոլներն են, սա էլ նրանց մասնակցությամբ հերթական միջադեպն է»,- ասաց նա՝ հավելելով, որ վերը նշված հրեշավոր ոճրագործությունից 20-25օր հետո Սուրիկ Խաչատրյանը դարձավ Սյունիքի մարզպետ:










