Նման գովազդը մեկ մլրդ. դրամի չափ գումար կբերի հեռուստատեսային շուկա. ԱԺ-ին ներկայացվեց ալկոհոլի գովազդի մասին նախագիծ

18:40 • 10.03.14

Հիմնական զեկուցող, ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանն այսօր Ազգային ժողովի ուշադրությանը ներկայացրեց «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվում է լրատվամիջոցներով որոշ ժամերի թույլատրել ցուցադրել ալկոհոլի գովազդ:


«Առաջարկում ենք, որ տեղեկատվության միջոցներին հնարավորություն տրվի երեկոյան ժամը 22:00-ից 06.00-ն ընկած ժամանակահատվածում ցուցադրել ալկոհոլային խմիչքների գովազդ: Դա կնպաստի մեր հեռուստատեսությունների ֆինանսական ինքնաբավությանը, ֆինանսական կայունությանը, հետևաբար նաև հեռուստատեսության որակի բարձրացմանը»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ որևէ այլ նպատակ կամ իմաստ օրենքի նախաձեռնումը չի հետապնդում:


Նախագծի շուրջ պատգամավորին հարց ուղղեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը: «Ամբողջ աշխարհը գնում է մի ուղղությամբ, դուք՝ մի ուրիշ ուղղությամբ: Կցանկանայի իմանալ բուն նպատակը, թե սրանով ինչ խնդիր ենք մենք լուծում: Արդյո՞ք այդ գովազդը հասարակական շահին չի հակասում, արդյո՞ք անհավասար մրցակցություն չի ստեղծի արտադրողների համար»,-ասաց նա:


Ի պատասխան հարցերի՝ Սամվել Ֆարմանյանը նշեց. «Ալկոհոլային խմիչքների գովազդի արգելումը չի անդրադառնում ալկոհոլի սպառման ծավալի վրա: Իսկ նման գովազդ չցուցադրելով՝ մեկ մլրդ. դրամի չափ գումար չի մտնում հեռուստատեսային շուկա: Ժամերի հետ կապված եթե ունեք կոնկրետ առաջարկություն, կարող եք ներկայացնել և մենք դրան կփորձենք անդրադառնալ: Իսկ մրցակցության առումով ես որևէ կերպ չեմ պատկերացնում, թե նման հնարավորությունը ինչպես կարող է ազդել մրցակցության վրա»:


Հարցեր ուղղեց նաև «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը. «Ինչո՞վ է պայմանավորված գովազդի փոփոխության այս հարցը, գովազդը, այնուամենայնիվ, դրդիչ հատկություն ո՞ւնի, թե ոչ: Եվ չե՞ք տեսնում մտահոգություն, որ խոշոր ֆիրմաներն իրենց գովազդային արշավով կարող են ճնշել տեղական արտադրողներին»:


«Թե ինչքան գովազդը կարող է դրդել կամ չդրդել սպառողին, չեմ կարող ասել, իսկ տեղական արտադրողների և ներմուծողների միջև անհավասար մրցակցության խնդիր, չեմ կարծում, որ կառաջանա, քանի որ դա մի գործիք, է որից կարող են օգտվել և՛ մեկը, և՛ մյուսը»,-պատասխանեց նախագծի հիմնական զեկուցողը: