ԱԺ քառօրյան կսկսվի «Մարտի 1» հանձնաժողովի քվեարկությամբ. ՀՀԿ–ն էլ ինտրիգը չի պահում

08:10 • 10.03.14

«Մարտի 1»-ի իրադարձությունների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորների համանուն նախագծի քվեարկությունը տեղափոխված է այսօր մեկնարկող քառօրյա:


ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, հիշեցնենք, որոշակի ինտրիգ մտցրեց՝ ասելով, որ անմիջապես քվեարկությունից առաջ կհայտնեն, թե ինչպես են քվեարկելու:


Ներքաղաքական կուլիսներում շրջանառվում է ՀՀԿ-ի դիրքորոշման երկու տարբերակ՝ բոյկոտ և «դեմ» քվեարկություն:


Tert.am–ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը հայտնեց, որ առավոտյան կլինի խմբակցության նիստ, որից հետո կհայտնեն, թե ինչպես է քվեարկելու Հանրապետականը: Սակայն նաև իր անձնական դիրքորոշումն ընդգծելով՝ հասկացնել տվեց, որ ՀԿԿ-ն «դեմ» է քվեարկելու:


«Իմ անձնական կարծիքով՝ այն թատերական ներկայացումը, այն բեմականացումը, որը փորձեցինք, դրան պետք է դեմ արտահայտվենք, որովհետև չի կարելի ամեն գնով ժողովրդի մեջ փորձել նման մթնոլորտ ձևավորել»,- ասաց Հովհաննես Սահակյանը՝ չբացառելով նաև բոյկոտի տարբերակը:


Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ քառօրյան, որը նախորդում էր մարտի մեկին և Ազատության հրապարակում «Հայ ազգային կոնգրեսի» հանրահավաքին, բավականին բուռն անցավ, և քաղաքական մեծամասնությունը ընդդիմությանը մեղադրեց ամեն ինչում, սկսած «սուր գործիքով» մարտիմեկյան զոհերի հարազատների վերքերը փորփրելուց:


Իսկ 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության խորհրդարանական նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն էլ մեղադրեց այն ժամանակ՝ արտախորհրդարանական ուժ ՀԱԿ-ին իրենց հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու մեջ: Մինչդեռ, ըստ Սամվել Նիկոյանի, այն, ինչ կարելի էր անել այն ժամանակ, չի կարելի անել հիմա: Նախ, որովհետև հասարակական մթնոլորտն այն ժամանակ լրիվ ուրիշ էր: «Մենք ՀՔԾ կամ որևէ գեներալի խնդիր ունեի՞նք կանչելու»,- հարցրել էր Սամվել Նիկոյանը:


Կրկին անդրադառնալով հարցին, թե ի վերջո, սկզբնական շրջանում՝ մոտ 1, 5 տարի առաջ «Հանրապետականը» դեմ չէր այդ նախագծին, և հենց իրենց պահանջով օրենքի համահեղինակ Գագիկ Ջհանգիրյանը ինչ-որ դրույթներ հանեց, որոշներն էլ՝ ներառեց, Հովհաննես Սահակյանը ևս մեկ անգամ արձանագրեց. «Հանրապետականները դիրքորոշումը չեն փոխել, մենք ասել ենք, որ պատրաստ ենք՝ այն զեկույցը, որը 2010 թվականին շրջանառության մեջ է դրվել՝ բաղկացած 140 էջից, և նաև Փաստահավաք խմբի համապատասխան զեկույցը, մենք պատրաստ ենք այդ ամենը վերհանել, ուսումնասիրել: Թող ուսումնասիրեր հանձնաժողովը էդ ամեն ինչը, և եթե կգտներ թերացումներ, էդ բացթողումների շուրջ ինչ-որ բան գտնել: Բայց նորից՝ վեց տարի անց փորձել ինչ-որ հանձնաժողով ձևավորել, չեմ կարծում, որ ճիշտ ճանապարհ է»:


Անդրադառնալով քննարկման ընթացքում ընդդիմության կողմից հնչեցրած փաստարկներից մեկին, հանրապետական պատգամավորը ասաց. «Եթե խոսում են առնվազն 3 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման մասին, ապա մեր հարգարժան և՛ իրավաբաններին, և՛ ոչ իրավաբաններին պետք է բարեկամաբար հուշեմ, որ իմանալ՝ չհայտնելը քրեորեն պատժելի արարք է»:


Հովհաննես Սահակյանի ամփոփմամբ՝ փաստացի ապացույցների վերաբերյալ նման տվյալներ ունենալու դեպքում ընդդիմության պատգամավորներն ուղղակի պարտավոր են դիմել իրավապահներին և ներկայացնել դրանք:


Իսկ եթե ոչ, ապա սա, ըստ ՀՀԿ խմբակցության քարտուղարի, թատրոն է, որը չի կարող ունենալ 4 սցենարիստ:


Հիշեցնենք, որ նախորդ քննարկման ժամանակ կոալիցիոն ուժերը քանիցս հայտարարում էին, թե շատ ճիշտ կլիներ, որ իրենք Կառավարությանը համոզեն, ստիպեն ֆինանսական (այդ թվում՝ Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը) օգնություն հատկացնել զոհերի հարազատներին՝ որպես փոխհատուցում:


Ի պատասխան հարցի, թե ՀՀԿ-ն ունենալո՞ւ է նման օրենսդրական նախաձեռնություն, Հովհաննես Սահակյանն ասաց. «Կարծում եմ՝ դրանք անձնական տեսակետներ են, բայց որևիցե մեկը դեմ չի լինի, որ լինի որոշակի օգնություն, փոխհատուցումներ: Բայց առնվազն ինձ համար շատ ավելի կարևոր է մարդկանց հոգեպես օգնելը, հոգեպես նրանց կողքին լինելը, որովհետև չեմ կարծում, որևէ բան կարող է փոխհատուցել կամ որևէ մարդ կարող է «կշռել», թե որևէ բան կարող է զոհերի հետ կապված ինչ-որ խնդիր լուծել»:


Հովհաննես Սահակյանը նորից խորհուրդ տվեց. «Շատ ավելի արժեքավոր կլինի, որ այն մարդիկ, որոնք փորձում են «Մարտի 1»-ով կայանալ, մի քիչ ավելի զուսպ լինեն, և էդ իրանց միտինգին, որ բերանները բաց արած՝ ծիծաղալով ինչ-որ հարցեր են քննարկում, գոնե մի քիչ բարոյականություն ունենան, գոնե այդ օրվա միտինգին գոնե ժպիտները դեմքներից հանեն»։


Ըստ պատգամավորի՝ զոհերի հարազատներին դրամական փոխհատուցում տալու մասին որևէ քննարկում ՀՀԿ-ում դեռևս չի տարվել: