Սիրիայում առևանգված միանձնուհիներն ազատ են արձակվել
Սիրիացի ապստամբների կողմից ամիսներ առաջ առևանգված միանձնուհիներն ազատ են արձակվել, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ France Presse գործակալությանը հղումով։
Մարտի 9-ին նրանք տեղափոխվել են Լիբանանի Արսալ քաղաք, որը գտնվում է սիրիական սահմանից ոչ հեռու։
Այնտեղից Լիբանանի անվտանգության ծառայության և Կատարի հետախուզության ներկայացուցչի ուղեկցությամբ նրանք ուղևորվել են Լիբանանի հարավ, ապա դարձյալ մուտք են գործել Սիրիայի տարածք։ Գործակալության տվյալներով՝ նրանց ճանապարհորդությունը տևել է 9 ժամ։
Գործողության մանրամասները չեն հաղորդվում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ միանձնուհիներին ազատ արձակելու դիմաց ապստամբները պահանջել էին ազատել կառավարական բանտերում պահվող 1000 կնոջ։
Ենթադրվում է որ Սիրիայի իշխանությունները գերված միանձնուհիներին ազատ արձակելու դիմաց համաձայնել էին բանտից ազատել 150 կալանավորի։ Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ։
Սիրիական Մաալուլա քաղաքում գտնվող հունական սրբավայրից 12-13 միանձնուհիների առևանգման մասին տեղեկությունը տարածվել էր 2013թ.-ին դեկտեմբերին։










