Ծառուկյանի մոտ հանդիպումները ոչ իշխանական ուժերի ֆորմատով է, իսկ ես ընդդիմադիր պատգամավոր եմ. Նիկոլ Փաշինյան
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Tert.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ ոչ իշխանական ուժերի քննարկումները և ինչու չի մասնակցում գործընթացներին, պատասխանեց, թե քանի որ այդ գործընթացները տեղի են ունենում ոչ իշխանական ուժերի ֆորմատով, իսկ ինքը ընդդիմադիր է գործիչ է, ուստի մտադրություն չունի։
«Ինչպես գիտեք այդ գործընթացները տեղի են ունենում ոչ իշխանական ուժերի ֆորմատով։ Ուզում եմ տեղեկացնել, որ ես ինչպես եղել, այնպես էլ մնում եմ ընդդիմադիր պատգամավոր և քաղաքական գործիչ և ոչ իշխանական դառնալու որևէ մտադրություն չունեմ»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե այսինքն՝ բոլոր այն ընդդիմադիր ուժերը, որոնք կմասնակցեն Ծառուկյանի հանդիպումներին, նշանակում է կդադարեն ընդդիմադիր լինելուց, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց. «Ես զերծ կմնամ որևէ որակումից»։
Մեր դիտարկմանը, թե ամեն դեպքում մարդիկ փոփոխությունների են սպասում և, ըստ նրա, նման գործընթացից հույս կա, Փաշինյանը պատասխանեց. «Ինչպիսի՞ փոփոխությունների են սպասում մարդիկ, ես ասացի, որ ասենք՝ Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը գնան ու ենթադրենք Աղվան Հովսեփյանն ու Գևորգ Կոստանյանը գան, հա՞։ Ես չեմ կարծում, որ մարդիկ սպասում են այդպիսի փոփոխությունների։ Հիմա այսօր Հայաստանի քննչական կոմիտեի հիմնադրման մասին օրենքի նախագիծ են քննարկում ԱԺ-ում և ուզում են հավաստիացնել, թե դա փոփոխություն է։ Ես էլ ասում եմ, դա փոփոխություն չէ, դուք լուծում եք կոնկրետ մարդկանց աշխատանքի տեղավորելու հարց, ձեր իշխանական ինտրիգներն եք լուծում, և դա շղարշում եք բարեփոխումների անվան տակ»,- պարզաբանեց նա։
Ինչ վերաբերում է բուն գործընթացին, ապա նշեց, թե ցանկացած գործընթաց պետք է գնահատել ըստ իր բովանդակության և բովանդակության հավաստիության։ «Ես ելույթում ասացի, որ հիմա, եթե Աղվան Հովսեփյանն աշխատանք չունենա, ու սկսի մարդու իրավունքների, ազատ, արդար ընտրությունների, արդար դատաքննության իրավունքի, ազատության, արդարության համար պայքարել, ի՞նչ պիտի անեք, պիտի վազեք Աղվան Հովսեփյանին դնեք ձեր ուսերի՞ն։ Համենայն դեպս ես չեմ շտապի»,- նշեց նա։
Հարցին, թե Ծառուկյանը նման է Իվանիշվիլիին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ճիշտն ասած ես անթրոպոլոգիայի (մարդաբանություն-Tert.am) մասնագետ չեմ և դիմեք այդ հարցով մասնագետներին»։
Իսկ, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում, վերջին բոլշևիկն արդյոք կհեռանա՞, եթե նրան չհեռացնեն, Փաշինյանն արձագանքեց. «Իհարկե ոչ, նրան պետք է ընդդիմությունը հեռացնի»։
Մեր հարցին, թե ամեն դեպքում այսքան տարի ընդդիմության ելույթներից գործնական քայլ չկա, գուցե նման հանդիպումները կարելի է համարել սառույցը տեղաշարժելու փորձ՝ ՀԱԿ պատգամավորը պատասխանեց. «Կտեսնենք, ընդդիմության վերջին տարիների գործունեության քննադատությամբ առաջինը ես ինքս եմ հանդես եկել, և ինքս գնահատականներ տվել հոդվածներով, հարցազրույցներով ու հիմա այդ գնահատականները շարունակում են նույնը մնալ»։
Իսկ թե, ի վերջո, հասարակությունը երբ փոփոխությունների ականատես կդառնա, ՀԱԿ պատգամավորն արձագանքեց. «ՀՀ-ում մենք ուրիշ օրինաչափություն էլ ենք տեսել, եղել են դեպքեր, երբ մարդիկ նույնիսկ օր ու ժամ են նշանակել, ասենք՝ այսինչ օրը, ժամը 2:30-ին։ Եթե որևէ մեկը նման բան ձեզ կասի, ուրեմն նա լուրջ չի վերաբերվում քաղաքական գործընթացներին։ Կարևոր է, որ պրոցեսները օժտենք քաղաքական բովանդակությամբ, ինչը որ մինչև հիմա միշտ չէ, որ ստացվել է»։










