Եվրահանձնաժողովը սկսել է Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների պատրաստման գործընթացը. Էշթոնի ներկայացուցիչ
Եվրահանձնաժողովը սկսել է Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների պատրաստման գործընթացը, սակայն դրանք կիրառելու մասին որոշում դեռ չի ընդունվել: Այդ մասին հայտնել է ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Կարող եմ հաստատել, որ նախնական աշխատանքն արդեն սկսվել է»,- ասել է նա:
Մարտի 6-ին ԵՄ-ի գագաթնաժողովում որոշում էր ընդունվել դադարեցնել Ռուսաստանի հետ բանակցությունները վիզային ռեժիմի պարզեցման և համագործակցության մասին նոր համաձայնության վերաբերյալ:
Հանդիպման մասնակիցները նախազգուշացրել էին, որ Ուկրաինայում լարվածության թուլացման բացակայության դեպքում կարող է չեղյալ հայտարարվել ԵՄ-Ռուսաստան հունիսյան գագաթնաժողովը, ինչպես նաև կարող է ստեղծվել ռուս պաշտոնյաների «սև ցուցակ», որոնց մուտքը կարգելվի ԵՄ երկրներ և որոնց ակտիվները կենթարկվեն «սառեցման»: Միայն դրանից հետո ԵՄ-ն կարող է գնալ ավելի հեռուն և փորձել նախաձեռնել տնտեսական պատժամիջոցներ:










