Ուկրաինական զորքը զորավարժություններ է իրականացնում

15:34 • 10.03.14

Ուկրաինայի զորքերն ուղարկվել են զորավարժարաններ՝ զորավարժություններ անցկացնելու, որոնք անհրաժեշտ են երկրի զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակի ստուգման համար։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

«Ուկրաինայի զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով գերագույն գլխավոր հրամանատարի որոշմամբ զորամասերն ու ստորաբաժանումներն ուղարկվել են պոլիգոններ՝ զորավարժությունների մասնակցելու նպատակով»,-հաղորդել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխը, ում խոսքերը մեջբերում են նախարարության կայքում։

 

Նա հավելել է, որ պետության ղեկավարությունը տրամադրված է Ուկրաինայում տիրող իրավիճակը լուծել բացառապես խաղաղ, դիվանագիտական ճանապարհով։

 

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներն արդեն ավելի քան մեկ ամիս աշխատավարձ չեն ստացել, սննդամթերքի տրամադրման հարցերը ևս կաղում են, և դեռ հայտնի չէ, թե բյուջեից ինչ կրճատումներ պետք է անեն, որպեսզի գումար գտնեն զինվորականների համար։