Եվրոպան այլևս չպետք է լռի, երբ ականատես է լինում անարդարության. Էդուարդ Շարմազանով

18:13 • 11.03.14

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում անդրադարձել է Դուբլինում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությանը և հղած ազդակներին։

 

ԱԺ փոխնախագահը «մասնավորապես, ասել է.

 

«Հարգելի խորհրդարան,


Օրեր առաջ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանը, որտեղ որպես Հանրապետական կուսակցության առաջնորդ` ելույթով հանդես եկավ Նախագահ Սերժ Սարգսյանը և հստակ ազդակներ հղեց թե՛ ԵԺԿ-ին, և թե՛ միջազգային հանրությանը.


Առաջին, Հայաստանը դեմ է նոր բաժանարար գծերի ձևավորմանը և շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը:


Երկրորդ, Եվրոպական միության մաքսային միության անդամ Թուրքիան շարունակում է ապօրինի շրջափակման մեջ պահել Հայաստանը` իրականացնելով ժխտողականության քաղաքականություն և անտեսելով հայրենազրկված հայ ժողովրդի պահանջը:


Երրորդ, Եվրոպան այլևս չպետք է լռի, երբ ականատես է լինում անարդարության, իսկ չլռելու մի ձև կա` հիշել, դատապարտել և պահանջել:


Չորրորդ, Եվրոպայի խորհրդի անդամ-պետություն Ադրբեջանը շարունակում է ֆաշիզմի և հայատյացության քաղաքականությունը, որը չի կարող ընդունելի լինել եվրոպական արժեհամակարգի համար:
Հինգերորդ, Հայաստանը պատրաստակամ է շարունակելու կառուցողական երկխոսությունն իր եվրոպացի գործընկերների հետ:

 

Հարգելի գործընկերներ,


Մաքսային միության հետ ինտեգրացիոն գործընթացները շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:


Մի շարք կետերով ծրագիրը ոչ միայն կատարվում է, այլև ինչպես իրավացիորեն նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, արդեն իսկ առաջանցիկ տեմպեր են արձանագրվել: Մաքսային միության գործընկերների գնահատմամբ` Հայաստանը կարող է Մաքսային միության անդամ դառնալ արդեն 2014 թվականին:

Հարգելի խորհրդարան,


Մարտի 9-ին մի շարք մարզերում տեղի ունեցան համայնքային ընտրություններ, որտեղ Հանրապետականը հաղթեց 28 համայնքում, «Բարգավաճ Հայաստանը»՝ միայն 3, ՀՅԴ-ն՝ 1 համայնքում: Հարցս ուղղում եմ ՀԱԿ-ի մեր գործընկերներին. «Իսկ դուք «Բարգավաճից» ինչո՞վ էիք պակաս, որ չմասնակցեցիք»»: