Ադրբեջանի իշխանությունները հաստատել են, որ Հայաստանի քաղաքացին գտնվում է Բաքվում. Զառա Ամատունի

10:47 • 11.03.14

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս Ադրբեջանում գերի ընկած Արսեն Խոջոյանի հարցին, ասաց, թե շաբաթ օրվա դրությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները կապ են հաստատել Ադրբեջանի իշխանությունների հետ, որտեղից հաստատում են ստացել, որ Հայաստանի քաղաքացին գտնվում է Բաքվում: 


«Այնուհետև մեր կազմակերպության Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները սկսել են բանակցային գործընթաց, որպեսզի հնարավորինս արագ տեսակցման հնարավորություն ստանան: Առայժմ որևէ նորություն չունենք»,-ասաց Զառա Ամատունին` ավելացնելով, թե կազմակերպության ներկայացուցիչները սերտ կապի մեջ են նաև Արսեն Խոջոյանի ընտանիքի անդամների հետ:


Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Կամո Չոբանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Արսեն Խոջոյանի ընտանիքը ծայրահեղ ծանր վիճակում է:


«8 երեխա են, հայր ու մայր, անասնապահությամբ են զբաղվում»,-ասաց Կամո Չոբանյանը, ապա ավելացրեց, թե Արսեն Խոջոյանի համար ոչ միայն ընտանիքն է անհանգիստ, այլ նաև ամբողջ գյուղն է այդ վիճակում:


«Կարմիր Խաչին ենք սպասում, տեսնենք ինչ են անում»,-նշեց Կամո Չոբանյանը: