Թուրքիան առաջարկում է հետաձգել Ղրիմի հանրաքվեն ու թուլացնել ճնշումն Ուկրաինայում. Դավութօղլու
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, թե չնայած այն հանգամանքին, որ իրենք հարյուրավոր կիլոմետրերով հեռու են Ղրիմից և Ուկրաինայից, շարունակում են ուշի ուշով հետևել այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Դավութօղլուն նշել է, որ Ուկրաինայում ճնշման նվազեցումն ու Ղրիմում հանրաքվեի հետաձգումը շատ կարևոր են։
«Մինչ այս պահը հստակ արդյունք չկա, սակայն մենք մեր դիվանագիտական հնարավորություններն օգտագործելով անում ենք հնարավորը՝ ճնշումը նվազեցնելու և Ղրիմում ճգնաժամը միջազգային օրենքների համաձայն, երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու համար»,-ասել է նա։
Դավութօղուն տեղեկացրել է, թե իրենք մշտական շփման մեջ են Ղրիմի թաթարների հետ։ «Հատկապես Ղրիմում մեր թաթար եղբայրների, ազգակիցների վնաս չկրելու համար ջանքեր չենք խնայում։ Փառք Աստծո, մինչ այս պահը, չնայած առկա լարվածությանը, որևէ խնդիր չի եղել»,-ասել է նա։










