15 հետաքրքրաշարժ փաստ Ռուսաստանի մասին. Business Insider
Ռուսաստանը վերջին ամիսներին անընդմեջ հայտնվում է համաշխարհային պարբերականների խորագրերում: Այս մասին գրում է Business Insider-ը՝ ներկայացնելով 15 հետաքրքրաշարժ փաստ Ռուսաստանի մասին, որոնք հրապարակվել են տարբեր հեղինակավոր աղբյուրներում և գրքերում:
«Փետրվարին Սոչիում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերը, թերևս, ամենակարևոր իրադարձությունն էր, որը գրավել էր ողջ աշխարհի ուշադրությունը, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս ցույց տվեց իր ուժն ու դաժանությունը, այս անգամ՝ Ղրիմի նկատմամբ»,-նշում է աղբյուրը՝ հավելելով, որ Ռուսաստանը համաշխարհային մակարդակով չի կարող անտեսվել՝ լինելով աշխարհի 8-րդ խոշորագույն տնտեսությունը, որի մասին հետաքրքիր փաստեր է ներկայացրել ամերիկյան հեղինակավոր պարբերականը:
Ռուսաստանի մակերեսը նույն տարածքն է զբաղեցնում, ինչ Պլուտոն մոլորակը: Երկիրն զբաղեցնում է 17 մլն քառ. կմ տարածք, Պլուտոնը՝ 16.6 մլն քառ. կմ:
Ռուսաստանի խողողովակաշարերը կարող են օղակել Երկիրն ավելի քան վեց անգամ: Երկրին պատկանող ողջ խողովակաշարային համակարգի երկարությունը, որը ներառում է գազի, հեղուկ գազի, նավթի և այլ զտված ապրանքների շրջանառությունը, կազմում է 259,913 կմ, մինչդեռ Երկիր մոլորակի շրջանակի երկարությունը կազմում է 40,075 կմ:
Ռուսաստանին է պատկանում բարձր հարստացված ուրանի համաշխարհային պահուստային ռեզերվների կեսը: Ռուսաստանն ունի 695 տոննա բարձր հարստացված ուրան, ավելին, քան աշխարհի ցանկացած երկրում: Երկրորդը ԱՄՆ-ն է՝ 604 տոննա պահուստային պաշարով:
Ռուսաստանի բնակչությունը 6.6 մլն-ով նվազել է 1993-ից ի վեր: Այս թիվը հավասարազոր է Մասաչուսեթսի բնակչության թվին: Երկրի բնակչությունը 2010-ին կազմել է 141.9 մլն մարդ և ըստ կանխատեսումների՝ մինչ 2050-ը նվազելու է 17 տոկոսով՝ հասնելով 126.6 մլն-ի:
Ռուսաստանի բնական գազի պաշարները հավասարազոր են օլիմպիական չափսեր ունեցող՝ 13.2 մլրդ լողավազանների տարողունակությանը: Ռուսաստանին է պատկանում աշխարհում բնական գազի երկրորդ ամենամեծ պաշարը՝ 33 խորանարդ մետր ծավալով: Օլիմպիական լողավազանի չափանիշը 25 խորանարդ մետրն է:
Ռուսաստանն ունի 9 ժամային գոտի՝ավելին, քան աշխարհի մեկ այլ երկրում: Երկիրն ուներ 11 ժամային գոտի, սակայն այն երկուսով կրճատվել է 2010-ին:
Ռուսաստանն ունի 87 մլրդ բարել նավթի պաշարներ, որը կարող է բավարարել հաջորդ 75 տարիներին: 2012-ին Ռուսաստանն օրական սպառել է 3.2 մլն բարել նավթ:
Մոսկվայի մետրոյով օրական 9 մլն մարդ է երթևեկում, ինչն ավելին է, քան լոնդոնյան և նյույորքյան մետրոների երթևեկը միասին:
Ռուսաստանում բարձր է նաև սպանությունների մակարդակը, որը 100 000 մարդու համար կազմում է 9.7 տոկոս, իսկ ԱՄՆ-ում նույն մակարդակը կազմում է 4.7 տոկոս:
Ռուսաստանի Կարաչի լճի ափերին կանգնելը կարող մահացու լինել, քանի որ այս տարածաշրջանում ճառագայթման 600 ռենտգեն է արտանետվում, ինչը բավարար է մարդուն սպանելու համար:
Ռուսաստանի 20 ամենահարուստ մարդկանց ընդհանուր մաքուր եկամուտը կազմում է 227 մլրդ դոլար, որն ավելին է, քան Պակիստանի ՀՆԱ-ն:
Ռուսներից յուրաքանյուրը տարեկան 365 լիտր թեյ է խմում, ինչը 6 անգամ ավել է ամերիկացիների «թեյասիրությունից»:
Ռուսաստանի Բայկալ լիճն ընդգրկում է աշխարհի քաղցրահամ ջրի պաշարի 1/5-ը: Լճի խորությունը կազմում է 1642 մետր:
Ռուսաստանը լրագրողների բնակության համար 5-րդ ամենավտանգավոր վայրն է: Այստեղ 1992-ից ի վեր 56 լրագրող է մահացել, նրանց 64 տոկոսն սպանվել է:
Ռուսաստանը Ալյասկան վաճառել է ԱՄՆ-ին 7.2 մլն դոլարով: ԱՄՆ-ն մեկ ակրի դիմաց վճարել է ավելի քիչ, քան 2 ցենտը, իսկ ընդհանուր տարածքը կազմել է 600 000 քառակուսի մղոն:










