Ղրիմի իշխանությունները մտադիր են ազգայնացնել Սևաստոպոլում ուկրաինական նավատորմը և այլ օբյեկտներ

10:25 • 11.03.14

Ղրիմի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի Ռազմածովային ուժերի նավատորմը, «Սևծովնավթագազը», ինչպես նաև ընդերքի շահագործման մի շարք օբյեկտներ ազգայնացնելու մտադրության մասին, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովի հայտարարությունը:

 

«Սևաստոպոլում Ուկրաինայի նավատորմն ամբողջովին, լրիվ ծավալով կազգայնացվի: Նրանց նավերը մենք չենք պատրաստվում որևէ տեղ թողնել: Նաև «Սևծովնավթագազի» նավատորմի ելքն ենք փակել»,- հայտարարել է Աքսյոնովը:

 

Հայտնի է նաև, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետության շահագործմանը կհանձնվեն նաև արևային էլեկտրակայանները: Սակայն պաշտոնյան հստակեցրել է, որ սա ազգայնացման ենթակա օբյեկտների ոչ ամբողջական ցուցակն է: Վերջինս կհստակեցվի:

Աքսյոնովը հավաստիացրել է, որ ազգայնացումը չի վերաբերի մասնավոր օբյեկտներին: