ԱԺ քաղաքական ուժերը տրամաբանական են համարում Ուորլիքի մտահոգությունը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունը կարող է աճել

20:24 • 11.03.14

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի մտահոգությունը շատ տրամաբանական է, քանի որ, ինչպես ցույց է տալիս փորձը, ցանկացած պահի, երբ աշխարհում տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, ինչպիսին օրինակ` Ուկրաինայի իրադարձություններն են, հակամարտության մեջ ներքաշված կողմեը փորձում են օգտվել ուշադրության պակասից և ինչ-ինչ հարձակումներ իրականացնել, օրինակ` Ադրբեջանը շատացրել է հրադադարի ռեժիմի խախտումները:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ադրբեջանա-հայկական բռնության հնարավոր աճի մասին մտահոգություն պարունակող գրառմանը:


«Եվ առիթից օգտվելու տարբեր փորձեր են արվում, գուցեև՝ ենթադրելով, որ հնարավոր է ռազմական գործընթաց` քանի դեռ աշխարհի ուշադրությունն այլ վայրում է: Սա եղել է նաև ռուս-վրացական պատերազմի օրոք և այլն»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:


Նրա հավելմամբ՝ պատահական չէ, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն այդ օրերին հատուկ ռեժիմով է գործում՝ նկատի ունենալով, որ աշխարհաքաղաքական այս փոփոխությունների ֆոնին հնարավոր են դիվերսիաներ և այլ ոտնձգություններ:


Նշենք, որ այս գրառումը կատարվել էր այսօր՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Մոսկվայում Մինսկի խմբի համանախագահների հանդիպման նախաշեմին:


Ի պատասխան հարցի, թե ԵԱՀԿ Մինսկի խմբում երկուսի՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, և մյուս կողմից` մեկի՝ Ռուսաստանի հարաբերությունների լարումը հաստատվող սառը պատերազմի համատեքստում արդյո՞ք չի կարող բացասաբար անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության վրա, Ալեքսանդր Արզումանյանն առաջարկեց տարանջատել այս երկու գործընթացները:


«Այս երեքը Մինսկի խմբում կատարում են իրենց աշխատանքը՝ ներկայացնելով իրենց երկրները, բայց սա դիվանագիտություն է և գործընթաց է, որում համանախագահները փորձում են օգնել կողմերին՝ ընդհանուր լուծումներ գտնել, և ունեն հստակ ժամանակացույց ու հստակ վարվելակերպ: Ինչ վերաբերում է ընդհանուր աշխարհաքաղաքական փոփոխություններին, ապա ողջ աշխարհակարգն է փոփոխման եզրին, և այդ առումով, իհարկե, ցանկացած բան կարող է ընդհանրապես վերանայվել, ամեն ինչ՝ բանակցությունների տրամաբանությունը, ձևաչափերը և այլն: Բայց կոնկրետ այս պահին Մինսկի խումբն զբաղվում է իր աշխատանքով՝ իր լոկալ դիվանագիտությամբ:


Հիշեցնենք, որ նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի գրառման առիթով նույնիսկ բառախաղ էր արել՝ ասելով. «ԱՄՆ-ն հենց մի բանով սկսեց մտահոգվել՝ բոլորս պիտի մտահոգվենք, որ ԱՄՆ-ը մտահոգություն ունի»:


ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ ասաց. «Այդ մտահոգությունը միշտ էլ գոյություն ունեցել է Ադրբեջանի պարագայում, և դրանով է պայմանավորված, որ մենք պարբերաբար միջազգային հանրության ուշադրությունը սևեռում ենք Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության վրա: Ներկայում Արևելյան գործընկերության տարածքում, մասնավորապես` Ուկրաինայում, տեղի ունեցող իրադարձությունները ևս պատճառ կարող են հանդիսանալ, որ Ադրբեջանը դրանք շահարկման առարկա դարձնի և փորձի Հարավային Կովկասում իրադարձություններին ապակայունություն հաղորդել»:


Արտակ Զաքարյանը հավելեց, որ դա իր անձնական տեսակետն է, և որ նա կիսում է Ջեյմս Ուորլիքի այս մտահոգությունը: