ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը շատ կարևոր հարցերում եկել են համաձայնության. Լևոն Զուրաբյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած հանդիպումից հետո ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպումը շատ արդյունավետ են համարում, քանի որ շատ կարևոր հարցերում եկել են համաձայնության և իրենց համար երկուստեք հասկանալի է, որ հանդիպումը սկիզբ է դնում արդյունավետ համագործակցության խորացման:
«Երկու քաղաքական ուժն էլ արտահայտվել է ներքաղաքական գործընթացների հեռանկարների շուրջ, թե ինչպես են տեսնում երկրի խնդրի լուծման հնարավորությունները: ԲՀԿ-ն դա արել է իր համագումարում, ՀԱԿ-ը՝ մարտի 1-ի հանրահավաքում: Երկու ուժերն էլ խոսեցին ուժերի կոնսոլիդացման անհրաժեշտության մասին: Բնականաբար այդ օրակարգի շուրջ այսօր ունեցանք հանդիպում, ինչ որոշում էլ ընդունվելու է ընդունվել է քաղաքական 4 ուժերի ձևաչափով, այս երկկողմ կոնտակները պարզապես օժանդակ նշանակություն ունեն՝ օգնելու գործընթացի առաջխաղացմանը»,- ասաց նա:
Նշենք, որ հանդիպմանը ԲՀԿ-ից ներկա է եղել նաև Վարդան Օսկանյանը, իսկ ՀԱԿ-ից` Արամ Մանուկյանը: Հարցին, թե հնարավոր համարում են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ինչու հնարավոր չէ, այսօր նման հարց չի քննարկվել, բայց որևէ խոչընդոտ կամ խնդիր չեմ տեսնում: Նման հանդիպման անհրաժեշտության դեպքում այն կկայանա»:
Իսկ թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել հանդիպմանը, Լևոն Զուրաբյանն ասաց` դրանք այնպիսի հարցեր են, ինչպիսիք են՝ ի՞նչ վիճակում է գտնվում երկիրը, ու՞ր է շարժվելու, ինչպե՞ս են տեսնում երկրի խնդիրների լուծումը:
«Մենք մեր տեսակետը չենք թաքցրել, շատ բաց արտահայտվել ենք: Կարծում ենք, որ երկիրը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, որի միակ լուծումը Սերժ Սարգսյանի ռեժիմի վերացումն է և երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, որի արդյունքում ընտրված լեգիտիմ իշխանություն պետք է ձևավորվի: Թե ԲՀԿ-ն ինչ է ասել, կտեսնեք առաջիկա նյութերում կամ կարող եք հարցնել իրենցից»,- ասաց նա:
Հարցին, թե իրենց տպավորությամբ ԲՀԿ-ն որքանով է հակված իշխանափոխության հարցը դնել համագործակցության ճանապարհային քարտեզի հիմքում, Լևոն Զուրաբյանը պատասխանեց.
«Կառավարությանը անվստահություն հայտնելու հարցում ակնհայտ է, որ նույն մոտեցումը ունենք, բայց մենք վերջնականապես հարցը պետք է լուծենք 4-ի ֆորմատով, ու մենք այդ հարցը լուծուլու ենք: Թե մեր ավելի հեռահար ծրագիրը ինչքանով կհամընկնի ԲՀԿ-ի առաջարկվող լուծումների հետ, ցույց կտա ժամանակը: Բայց առաջին քայլերի շուրջ մենք ունենք բացարձակ փոխըմբռնում»,- ասաց նա:
Հարցին, թե առաջին քայլը վարչապետի հրաժարականի պահանջն է, պատասխանեց, որ այս պահին ամեն ինչ չի կարող բացահայտել, որովհետև հարցեր կան, որոնք պետք է լուծվեն 4-ի ֆորմատով:
«Մենք բացահայտում ենք այն, ինչ հնարավոր է հիմա բացահայտել, բայց գաղտնիություն չկա ու ժողովուրդը մեր քայլերի մասին տեղեկանալու է: Բայց Կառավարության անվստահություն հայտնելու հարցը տեսնում ենք ոչ թե որպես հանգուցալուծում, այլ քաղաքական ուժերի համախմբման գործիք, որը թույլ կտա լուծել ավելի կարևոր հարց՝ Սերժ Սարգսյանի իշխանության հեռացում և երկրում դեմոկրատական իշխանության ձևավորում»,- ասաց նա:










