Ինտերպոլը պարզել է մալայզիական անհետացած ինքնաթիռի երկրորդ իրանցի ուղևորի ինքնությունը
Ինտերպոլին հաջողվել է պարզել երկրորդ տղամարդու ինքնությունը, ով հայտնվել է մալայզիական անհետացած ինքնաթիռում գողացված անձնագրով։ Նա 29-ամյա իրանցի Դելավար Սեյեդ Մուհամմադրեզան է, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Գողացված անձնագրով առաջին ուղևորի ինքնությունն ավելի վաղ պարզել էր մալայզիական ոստիկանությունը, որի տվյալներով՝ խոսքն Իրանի 19-ամյա քաղաքացի Պուրիա Նուր Մուհամմադ Մեհրդադի մասին է։ Ինտերպոլում հաստատել են այդ տեղեկությունը, սակայն նշել են նրա անվան մեկ այլ տարբերակ՝ Պուրի Նուրմուհամմադի։
Ինչպես նշել է միջազգային ոստիկանական գերատեսչության գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոուբլը, 2 իրանցիները Մալայզիա են եկել իրենց սեփական անձնագրերով, որոնք հետագայում փոխանակել են գողացված փաստաթղթերով։ Նոուբլի խոսքով՝ կասկածյալների մասին նոր տեղեկություններ հայտնվելուն զուգահեռ նվազում են հիմքերը՝ կարծելու, որ ինքնաթիռն անհետացել է ահաբեկչության հետևանքով։










