Պուտինը հանդիպման է հրավիրել Ղրիմի թաթարների առաջնորդներից մեկին

18:06 • 11.03.14

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Ղրիմի թաթարների մեջլիսի նախկին ղեկավար Մուստաֆա Ջեմիլևը հանդիպման հրավեր է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ Այդ մասին պատգամավորը հայտնել է «15 մինուտ»-ին, գրում է polit.ru-ն:

 

Ջեմիլևի խոսքով՝ ռուսական իշխանությունները նրա միջոցով կփորձեն իրենց կողմ քաշել Ղրիմի թաթարներին: Սակայն պատգամավորը դեռ չի որոշել, թե արդյոք կընդունի հրավերը, թե ոչ:

 

«Կխորհրդակցեմ ղեկավարության հետ: ՉԷ՞ որ նրանք ինձ հետ չեն քննարկելու ռուսական զորքերի դուրսբերումը, այլ ինչ-որ բան են առաջարկելու»,- ասել է Մեջլիսի նախկին ղեկավարը:

 

Ավելի վաղ Ղրիմի խորհրդարանը «Ղրիմի թաթարների իրավունքների վերականգնման և ղրիմյան հասարակությանն ինտեգրման երաշխիքների մասին» որոշում է կայացրել, որը նախատեսում է Ղրիմի թաթարների համար մի շարք քաղաքական արտոնություններ: Մեջլիսը, սակայն, դեմ է հանդես գալիս Ուկրաինայից Ղրիմի անջատմանը: