Ուկրաինացի հարուստներին առաջարկվել է գումար տալ բանակի զինման համար
Ուկրաինայի պաշտպանության նախարար Իգոր Տենյուխը խնդրել է երկրի «հարուստ և հարգված» բնակիչներին միջոցներ տրամադրել բանակի զինման համար: Այդ մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով խորհրդարանում, գրում է lenta.ru-ն:
«Ռեսուրսներ, փող և կրկին փող: Դիմում եմ մեր բոլոր հարուստ և հարգված մարդկանց. եթե նրանք ունեն ազգային արժանապատվություն, նրանք կարող են գումար տալ բանակի զինման համար, որպեսզի այն կարողանա տեխնիկա ձեռք բերել»,- ընդգծել է նա:
Նախարարը նաև կոչ է արել պատգամավորներին «արտակարգ իրավիճակում» փոխել տենդերների անցկացման մասին օրենքը, որպեսզի հնարավորություն լինի արագ ապահովել զինված ուժերին անհրաժեշտ ամենով:
Խոսելով Ղրիմի իրավիճակի մասին՝ Տենյուխը նշել է, որ դե-յուրե Ռուսաստանի կողմից «բաց ագրեսիա» Ուկրաինայի նկատմամբ չկա, քանի որ ՌԴ ղեկավարությունը հերքում է թերակղզի զորքեր մտցնելու մասին տեղեկությունը: Նա նաև հավելել է, որ երկրում հայտարարված չէ «ռազմական դրության» ռեժիմ:










