Ստորագրվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի երրորդ՝ 100 մլն դոլարի մասնաբաժինը

19:04 • 11.03.14

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոլն այսօր ստորագրել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի երրորդ մասնաբաժինը՝ 100 մլն դոլարի չափով վարկային համաձայնագիրը:


Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարության ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 


Հաղորդագրության մեջ ասվում է, որ ներդրումային այս ծրագրի նպատակն է ստեղծել արդյունավետ, անվտանգ և կենսակայուն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք, որը կապահովի Հայաստանի ներքին տարածքների միջև, ինչպես նաև այլ երկրների հետ միջազգային կապը:


Համաձայնագրի երրորդ մասնաբաժինը կազմված է հետևյալ հիմնական բաղադրիչներից`


• Թալին և Լանջիկ քաղաքների միջև գտնվող մոտ 18.7 կմ երկարությամբ երկուղի ճանապարհային հատվածի վերակառուցում և դրա ընդլայնում` վերածելով այն երկկողմանի երթևեկության քառուղի մայրուղու,


• Երկարաժամկետ ճանապարհային ենթաոլորտային ծրագրի, ճանապարհային ակտիվների կառավարման և ընթացիկ պահպանության վարչական համակարգի մշակում և իրականացում,


• Հյուսիս-հարավ միջանցքի մոտ 304 կմ երկարությամբ Արտաշատից Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրության պատրաստում,


• Ծրագրի իրականացմանն աջակցություն և «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետագա մասնաբաժնի նախապատրաստում, այդ թվում` տեխնիկատնտեսական ուսումնասիրության և ճարտարագիտական մանրամասն նախագծի պատրաստում: