Ուկրաինան կդիմի անվտանգության երաշխավոր երկրներին՝ ռազմական օգնության նպատակով

14:52 • 11.03.14

Ուկրաինան կդիմի անվտանգության երաշխավոր երկրներին՝ տեխնիկական և ռազմական օգնության նպատակով։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը խորհրդարանի նիստի ժամանակ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

«Մենք զինված ուժերը բերել ենք ամբողջական մարտական պատրաստության, մենք վարժանքներ ենք անցկացրել, և հստակ տեսնում ենք, թե ինչ վիճակում են գտնվում զինված ուժերը: Մենք սկսում ենք վերականգնել բանակը»,- նշել է նա:

 

Տուրչինովի խոսքով՝ Ներքին գործերի նախարարությունը կապահովի Ուկրաինայի ազգային գվարդիայի բոլոր առաջնային պահանջները, որի ձևավորման մասին որոշումն ընդունել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը:

 

Սակայն, ինչպես նշել է Տուրչինովը, Ուկրաինային անհրաժեշտ է նաև տեխնիկական և ռազմական օգնություն: «Գերագույն ռադայի առաջին հարցը դիմելն է մեր անվտանգության երաշխավոր երկրներին»,- հայտարարել է Տուրչինովը: