Ուկրաինայում պրովայդերների կեսը դադարեցրել է ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը
Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ազգային խորհուրդը հայտարարել է, որ մարտի 11-ի ժամը 12:00-ի դրությամբ (երևանյան ժամանակով ժամը 14.00-ի) պրովայդերների արդեն կեսն ամբողջ երկրում անջատել է ռուսական ալիքների հեռարձակումը, մնացածները պատրաստվում են անջատել, գրում է «Դոժդ»-ը:
Բացի այդ, խորհուրդը պահանջում է պրովայդերներից մինչև կիևյան ժամանակով ժամը 19:00-ը դադարեցնել իրենց ցանցերում մի շարք ռուսական հեռուստաալիքների հաղորդումների վերահեռարձակումը:
Խորհրդի մամուլի ծառայության տվյալներով՝ պրովայդերներին ուղղված կոչում նշվում է, որ նրանք պետք է դադարեցնեն իրենց ցանցերում ռուսական «Вести», «Россия 24», Первый канал, «РТР Планета», «НТВ - Мир» հեռուստաալիքների հաղորդումների վերահեռարձակումը:
Ինչպես պարզաբանել են մամուլի ծառայությունից, ռուսական ալիքների հեռարձակման անջատման պատճառը տեղեկատվական անվտանգության ապահովման անհրաժեշտությունն է:










