ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին 10 օրում Ուկրաինային նվիրված 5-րդ նիստն արդյունք չի տվել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ հերթական նիստն է գումարել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Սա վերջին 10 օրվա ընթացքում 5-րդ նիստն է։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, փակ դռների հետևում կայացած նիստից հետո ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ նիստի ընթացքում «ոչ մի նորություն» չի եղել։
Անվտանգության խորհրդում նախագահող Լյուքսեմբուրգի մշտական ներկայացուցիչ Սիլվի Լուկասը, ամփոփելով նիստի արդյունքները, նշել է, որ քննարկման թեմաներից մեկը եղել է Ղրիմի հանրաքվեն, որը միանշանակ արձագանք չի ստացել ԱԽ անդամների շրջանում։
Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն պնդել է ԱԽ հանդիպումները շարունակելու անհրաժեշտության մասին, անգամ եթե դրանք արդյունք չեն տալիս։
«Եթե հնարավորություն կա որևէ օգուտ տալու, ապա չի կարելի դա անտեսել, հակառակ դեպքում մենք կարող ենք գնալ ավելի վատ սցենարի»,- նշել է Արոն։
Նա նաև վստահություն է հայտնել, որ ճգնաժամը կարող է կարգավորվել «խաղաղ ճանապարհով»։
Փետրվարի 28-ից հետո ԱԽ-ն Ուկրաինայի հարցով արդեն 5 նիստն է գումարել։ Նրանցից երկուսը բաց են եղել, իսկ երեքն անցել են փակ դռների հետևում։










