Յանուկովիչը մտադիր է դիմել ԱՄՆ-ին՝ Ուկրաինայի իրավիճակին իրավական գնահատական տալու խնդրանքով (տեսանյութ, տարբերակ 5)

12:58 • 11.03.14

13.33 Վիկտոր Յանուկովիչը կարճատև ելույթի ժամանակ կոչ է արել Արևմուտքին չաջակցել Ուկրաինայում իշխանության եկած նոր ուժերին: «Դուք իրավունք չունեք գումար տալ բանդիտներին: Ես ցանկանում եմ հարցնել Արևմուտքում այդ մութ ուժերի հովանավորներին. դուք կուրացե՞լ եք, մոռացե՞լ եք, թե ինչ է ֆաշիզմը»,- ասել է Յանուկովիչը:

 

Նա նաև նշել է, որ մայիսի 25-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններն անօրինական են։

 


13.30 Վիկտոր Յանուկովիչը մտադիր է դիմել ԱՄՆ-ին՝ Ուկրաինայի իրավիճակին իրավական գնահատական տալու խնդրանքով: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ մտադիր է դիմել ԱՄՆ-ի Կոնգրես և Գերագույն դատարան՝ Ուկրաինայի իրավիճակին իրավական գնահատական տալու խնդրանքով:

 


13։26 Ելույթի ընթացքում Վիկտոր Յանուկովիչը նշել է, որ երկրում գործում է ծայրահեղ ազգայնականների և նեոֆաշիստների խմբավորում, որոնք արդեն հավակնում են նաև նախագահի պաշտոնին (նկատի ունենալով Դմիտրի Յարոշին-Tert.am): Յանուկովիչի խոսքով` նրանք գրավում են տեղական ինքնակառավարման մարմինները, հեռացնում են ոստիկանության և անվտանգության ծառայության ղեկավարությանը ոչ միայն կենտրոնում, Կիևում, այլև այլ վայրերում: «Քաղաքները հսկում են դիմակներով մարդիկ»,- ասել է Յանուկովիչը:


13։20 Վիկտոր Յանուկովիչի ելույթը Դոնի Ռոստովում ավարտվեց։ Ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ շարունակում է մնալ Ուկրաինայի լեգիտիմ նախագահն ու Գերագույն հրամանատարը: Նա նշել է, որ հեղաշրջման ժամանակ չի փախել Ուկրաինայից և կվերադառնա, երբ թույլ տան հանգամանքները: «Քանի որ Ուկրաինայում տարածվում են լուրեր իմ մասին, կցանկանայի ասել, որ ես ողջ եմ, սակայն չեմ կարող ասել, որ ինձ լավ եմ զգում, քանի որ չեմ կարող առանց խորն անհանգստության տեսնել այն,  ինչ տեղի է ունենում Ուկրաինայում»,- ասել է Յանուկովիչը:
 


12.58 Մեկնարկել է Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչի ելույթը Դոնի Ռոստովում: Հաղորդվում է, որ հարցեր նախատեսված չեն։

 

Երեկ հայտնի էր դարձել, որ Յանուկովիչը երեքշաբթի Դոնի Ռոստովում հանդես կգա հայտարարությամբ: Դա լրագրողների հետ նրա երկրորդ հանդիպումն է Ուկրաինայից հեռանալուց հետո:

 

Փետրվարի 28-ին Յանուկովիչը Դոնի Ռոստովում ասուլիս էր հրավիրել, որտեղ մասնավորապես հայտարարել էր, որ ստիպված է լքել Ուկրաինան՝ «իր և իր մերձավորների կյանքին սպառնացող վտանգի պատճառով» և նշել, որ ինքը մնում է պետության օրինական նախագահը և մտադիր է շարունակել պայքարը՝ հանուն Ուկրաինայի ապագայի։