Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելել է Արմավիրի մարզ (տեսանյութ, լուսանկարներ)

10:39 • 12.03.14

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մարտի 11-ին այցելել է Արմավիրի մարզ և հանդիպումներ ունեցել ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում, այս մասին տեղեկացնում է Ոստիկանության կայքը:


Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է ոստիկանի և ոստիկանության գերխնդիրը՝ օրենքին և ժողովրդին ծառայելու առաքելությունը, առանց որի գիտակցման անհնար է արդիական կառույցի ձևավորումը:


Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջել է անվերապահ աշխատանքային ու կատարողական կարգապահություն, հետևողական գործնական պարապմունքներ երիտասարդ կադրերի հետ, վետերանների ներգրավում ինչպես հանցավորության դեմ պայքարում, այնպես էլ ուսումնական ու դաստիարակչական գործընթացներում:


Վլադիմիր Գասպարյանը նաև կարևորել է ոստիկանության նախաձեռնողական մոտեցումը հատկապես անչափահասների շրջանում տարվող աշխատանքներին:


Վերլուծելով ոստիկանության մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքը՝ ոստիկանության պետը նշել է առկա թերությունները և դրանց շուտափույթ վերացման ուղղությամբ տվել կոնկրետ հաձնարարականներ ու ցուցումներ, միևնույն ժամանակ ընդգծելով, որ արատավոր երևույթները հիմնավորապես վերացնելու գրավականը ոստիկանության ծառայողի մասնագիտական, մարդկային ու քաղաքացիական բարձր որակներն են:


Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը Արմավիրի մարզպետարանում հանդիպում է ունեցել համայնքների ղեկավարների հետ: Ոստիկանության պետը ներկայացրել է այն ուղղությունները, որոնցով տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատանք է ակնկալվում՝ իրավական աջակցություն համայնքների ղեկավարներին, համակարգված բացատրական աշխատանք՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու նպատակով, սերտ համագործակցություն մանկավարժների հետ, գյուղտեխնիկայի լրակազմի ապահովում՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով և այլն: Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց մասնակիցների հարցերին:
 

 )