Ինչո՞ւ պետք է ավագ դպրոցներում ոստիկաններ լինեն. Քոքոբելյանի հարցը Աշոտյանին
Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ԱԺ նիստում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ինչու պետք է ավագ դպրոցներում ոստիկաններ լինեն։
«Նույնիսկ նման ձևակերպում կա՝ դպրոցական ոստիկան: Նախկին պատգամավորներ կան, որ չեն գիտակցում, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ դա։ Առանց ոստիկանության նկատմամբ որևէ վերապահման՝ չե՞ք գտնում, որ անթույլատրելի է՝ դպրոց մտցնել ոստիկանին ու մանկավարժական գործառույթներ տալ՝ հաշվի առնելով շատ խնդիրներ»,-հարցրեց պատգամավորը։
Նախարար Աշոտյանը նկատեց, որ ծրագիրն իրականացվում է վերջին տարիներին՝ ոստիկանություն հետ համատեղ, և դա արձագանք էր ծնողական մտահոգություններին։ «Ըստ ծնողների՝ տարբեր դպրոցներից այդ տարիքում հավաքվող և իրար առաջին անգամ հանդիպող աշակերտները, հատկապես՝ տղաները, կարող են անհարկի վիճաբանությունների և կոնֆլիկտների գնալ, և ի պատասխան այն հանգամանքի, որ դպրոցներում կաևորվում է բացատրական մեխանիզմների նոր ոճի ներդրումը, մենք գնացինք այդ քայլին և իրականացրեցինք պիլոտային ծրագիր»,-ասաց նախարարը։
Աշոտյանը բացատրեց, թե պիլոտային ծրագրի տևողությունն ինչու է մի քանի տարի. «Որովհետև արդյունքները համարում ենք դրական, սակայն դեռևս ծրագիրը տարածելու միջոցներ չունենք։ Ասեմ ավելին՝ ծրագրի հեղինակը մենք չենք, նման փորձ կա տարբեր երկրներում. շատ հեռու չգնանք՝ հարևան Վրաստանում»,-նշեց նա։
Արմեն Աշոտյանը պնդեց, թե ոստիկանների աշխատանքի վերաբերյալ արձագանքները բացառապես դրական են. նրանք երբևէ քննադատության չեն ենթարկվել ծնողական և մանկավարժական կոլեկտվի կողմից։
Խաչատուր Քոքոբելյանն, այդուհանդերձ, պնդեց, թե նոր մոտեցումների մեջ ոստիկանի ներառումը նշանակում է հեռու տանել կրթությունը։
«Դպրոցը պետք է ունենա համապատասխան պատրաստվածություն անցած մանկավարժական կոլեկտիվ, որը կկարողանա այդ խնդիրները լուծել: Բոլորս գիտենք, որ խնդիրներ լինում են, բայց դպրոցականին դիտարկել որպես պոտենցիալ հանցագործ՝ արդեն իսկ կրթական համակարգի խափանում է»,-ասաց Քոքոբելյանը և հավելեց, թե չնայած հարցին՝ Աշոտյանի մոտեցումները կանխավ գիտեր։
Նախարարն էլ իր հերթին կրկնեց, որ «ոստիկանը՝ դպրոցում» ծրագրի նպատակներից մեկն է՝ կոտրել «կեղծ գողական կարծրատիպը»։
«Եվ ոստիկանը մի անձնավորություն չէ, որից պետք է վախենալ, այլ, ճիշտ հակառակը, բազամթիվ տղաներ ընկերություն են անում, շփվում են այդ մարդու հետ, ով դառնում է իրենց ավագ ընկերը: Հետո գիտենք, որ տղամարդկանց պակաս կա դպրոցներում: Նրանց գործառույթը չի սահմանափակվում կռիվները կանխելով. իրականացնում ենք ճանապարահային երթևեկության և այլ ծրագրեր։ Ոստիկանը մեր և մեր երեխաների համար պետք է օրինապաշտ քաղաքացու, օրինավոր Հայաստանի խորհրդանիշներից մեկը դառնա, և մենք դա դիտարկում ենք որպես այս քաղաքականության կարևոր մաս»,-ասաց նա։










