Յանուկովիչը ելույթ է ունենում, իսկ ո՞վ է նրան լսում. Christian Science Monitor-ի անդրադարձը նրա ելույթին
Ռուսաստանը նախկինի պես Վիկտոր Յանուկովիչին համարում է ուկրաինական պետության օրինական ղեկավար: Սակայն երբ պաշտոնանկ նախագահը Դոնի Ռոստովում ելույթով հանդես եկավ, պարզվեց, որ նա ասելու բան չունի, գրում է inopressa.ru-ն՝ հղում անելով The Christian Science Monitor-ին:
Դիտորդների մոտ հարցն այն է, թե ինչու տերերը՝ ռուսները, որոնք կատաղի դիվանագիտական հակամարտության մեջ են մտել արևմտյան պետությունների հետ Ուկրաինայի ապագայի հարցի պատճառով, թույլ տվեցին նրան խոսել:
«Կրեմլը գրեթե չի թաքցնում անփույթ աշխատակցի հանդեպ իր վրդովմունքը, ով թույլ է տվել մի քանի հազար համառ փողոցային ցուցարարների իրեն դուրս քշել Կիևից»,- նշում է հոդվածի հեղինակ Ֆրեդ Ուեյրը:
Նա գրում է, որ Յանուկովիչն ամբողջությամբ կախված է ռուսական իշխանություններից։ «Հնարավոր է՝ նա անգամ ազատ չէ իր անունից խոսելու հարցում։ Հնարավոր է՝ դա անգամ Յանուկովիչի հայտարարությունը չէր, այլ Կրեմլի մամուլի հաղորդագրությունը, որը նա կարդում է հեռուստատեսությամբ»,- գրել է «Կոմերսանտ» թերթի թղթակից Սերգեյ Ստրոկանը:
Ստրոկանը ենթադրում է, որ Կրեմլը գերագնահատում է Յանուկովիչի դերը և թերագնահատում է իր երկրում նրա ոչ ժողովրդականությունը: «Կրեմլը կարող է նրան թույլ տալ խոսել՝ որքան ուզենա, բայց նրան ոչ ոք չի լսում»,- հավելել է նա:










