Վիլնյուսից հետո. համաժողով՝ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում
«Եվրամիություն-Հայաստան համագործակցություն. Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքներ» թեմայով այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ համաժողով, որը Վիլնյուսի գագաթաժողովից հետո առաջին ուշագրավ միջոցառումն էր Հայաստանի և ԵՄ-ի միջև:
Ծրագրի ազգային համակարգող հանդիսացող էկոնոմիկայի նախարարության կողմից շահառու մարմինների ներկայացուցիչներին ներկայացվեց ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակներում կիրառվող տեխնիկական օժանդակության ձևերը, Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) կիրառման մեխանիզմները, Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ ծրագրերի ներկայիս վիճակը Հայաստանում, ինչպես նաև նշված գործիքի կիրառելիության հետագա քայլերը և ոլորտները:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի փոխանցմամբ՝ ԵՄ–ի՝ Հայաստանին աջակցության եղանակների մեջ են մտնում ֆինանսական, տեխնիկական աջակցությունները, որոնք տրամադրվում են զարգացման կենտրոնների միջոցով: «Բոլոր եղանակները տրամադրվում են երկրին, որպեսզի երկիրը կարողանա իրականացնել իր զարգացման օրակարգը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն ավելի մեծ ուշադրություն է դարձնելու, որպեսզի աջակցությունը լինի հնարավորիս արդյունավետ:
Համաժողովին ելույթով հանդես եկավ նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ով հայտնեց, որ այս պահին յոթ Թվինինգ ծրագիր ավարտված է, ևս յոթ ծրագիր գտնվում է իրականացման տարբեր փուլերում, և մինչ օրս իրականացվել են 100-ից ավել Թայեքս միջոցառումներ:
Միջոցառմանը ներկայացվեցին նաև «Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների կիրարկման հզորացում» թվինինգ ծրագրի արդյունքները և ազդեցությունը Հայաստանում:










