Ղրիմի իշխանությունները փակել են օդային տարածքը. ԶԼՄ-ներ
Ղրիմի իշխանությունները հանրաքվեից առաջ (մարտի 16-ին) փակել են օդային տարածքը: Սիմֆերոպոլի օդանավակայանն ընդունում է միայն ռուսական չվերթներ, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Коммерсантъ-ին:
Թերթի աղբյուրի տեղեկություններով՝ երեքշաբթի գիշերը զինված անձինք առանց տարբերակիչ նշանների զբաղեցրել են օդանավակայանի դիսպետչերական աշտարակը: Երեկ Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանը սահմանափակել է Կիևից և Ստամբուլից ինքնաթիռների ընդունումը:
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռներից մեկը ստիպված է եղել վերադառնալ Կիև, քանի որ նրան թույլ չեն տվել վայրէջք կատարել Սիմֆերոպոլում: Ընդ որում՝ օդանավակայանն առանց խնդիրների սպասարկում է «Դոմոդեդովոյից» և «Շերեմետևոյից» մոսկովյան չվերթները: Նախկինում ինքնաթիռների ընդունման հետ խնդիրներն օդանավակայանը բացատրում էր վատ եղանակային պայմաններով:
Ղրիմի խորհրդարանում աղբյուրը պարզաբանել է, որ Ղրիմի կարգավիճակի որոշման մասին հանրաքվեից առաջ, իշխանությունները վախենում են տարածաշրջանում սադրիչների հայտնվելուց: Հանրաքվեի անցկացումից հետո Սիմֆերոպոլի օդանավակայանն ինքնաթիռներ կընդունի «սովորական ռեժիմով», հայտարարել է աղբյուրը թերթին:










