Մեր բուհում բոլոր հարցերը կարգավորվում են ընտանեկան օրենքներով. «Դ!ԵՄ ԵՄ»-ը՝ Սլավոնական համալսարանում (լուսանկարներ, տեսանյութ)
Պարտադիր կուտակային կենսաթոշակների նոր համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր բաց հանդիպում անցկացրեց Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ուսանողների հետ:
Շարժման անդամներին համալսարանի բակում դիմավորեց բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ով նախ լսեց նրանց, ապա նաև հայտնեց իր տեսակետը քննարկվող հարցի շուրջ: «Ես խնդրում եմ, որպեսզի երկրի վերաբերյալ դուք թերահավատություն չհայտնեք, օրենքի գաղափարախոսությունը շատ ճիշտ է, դուք պետք է գիտակցեք դա»,-ասաց նա:
Իսկ Tert.am-ի հարցին, թե ինչպես են կարգավորվում նման հարցերը բուհում, ռեկտորը պատասխանեց. «Մեր բուհում երբեք ոչ մի ճնշում չի եղել ոչ մի հարցի շուրջ, մեզ մոտ բոլոր հարցերը կարգավորվում են ընտանեկան օրենքներով, ընտանիքում ինչպե՞ս է լինում, այնպես էլ մեզ մոտ»:
Նախաձեռնության անդամներն իրազեկեցին ուսանողներին «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մասին, հայտնեցին, թե իրենք ինչու են դեմ օրենքի պարտադիր բաղադրիչին, ինչպես նաև հորդորեցին նրանց մարտի 22-ին մասնակցել Երևանի Ազատության հրապարակում կայանալիք իրենց նախաձեռնած հանրահավաքին:
«Դ!ԵՄ ԵՄ» շարժմանը ուսանողների ներգրավվածության մասին նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նրանք գնալով ավելի են սկսում հետաքրքրվել և մասնակցել ակցիաներին: «Մեր ակցիաներին նրանց մասնակցությունը մեծանում է, ուսանողները նաև մասնակցում են մեր հանրային քննարկումներին, համենայնդեպս այս պահին ուսանողների վրա ճնշումներ չեմ նկատել»,-ասաց նա՝ ավելացնելով, որ իրենք շարունակելու են ուսանողներին իրազեկելու գործընթացը:
)










