Ես բոլոր հարվածային գործիքներին չեմ տիրապետում. Գալուստ Սահակյանը Գագիկ Ծառուկյանի արտահայտած կարծիքի մասին
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խոսելով ԲՀԿ-ի ու ԱԺ ընդդիմադիր կուսակցությունների հանդիպումների մասին՝ ասաց, որ դրական է համարում նման համախմբումը, բայց սկզբունքորեն դեռևս չգիտի, թե ինչի շուրջ են հավաքվում, ինչ ծրագրեր ունեն:
Իսկ թե ՀՅԴ-ի հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանն ում նմատի ուներ, հայտարարելով, որ որոշ դհոլներ փորձում են «սեպ խրել» այս համագործակցության մեջ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավարն ասաց. «Ես բոլոր հարվածային գործիքներին չեմ տիրապետում: Դհոլը հին ազգային մշակույթ ունեցող գործիք է: Ինձ այլ գործիքների մասին մի հարցրեք, ես չեմ սիրում այդպիսի ենթատեքստով բառեր, երբ ես խոսում եմ, խոսում եմ մարդկանց ներկայությամբ, իրենց ճակատներին ու հետադարձ որոշումներ չեմ կայացնում իմ ասելիքն ամրապնդելու համար»:
Հարցին, թե այն, որ ԲՀԿ-ն հանդիպում է այլ կուսակցությունների հետ, նշանակում է, որ լրիվ կտրվել է իշխանությունից, Սահակյանն արձագանքեց. «Ո՛չ, նման բանը ոչնչի մասին չի խոսում, որովհետև դեռևս ձևավորված չէ այն ծրագրային մոտեցումը, որ հանգույց կդառնա ոչ իշխանական ուժերի համագործակցության համար»։
Իսկ հարցին, թե դեռ համարում է, որ ԲՀԿ-ն իրենց հետ է, նշեց. «Ես ոչինչ չեմ համարում, մեզ հետ ամբողջ ժողովուրդն է, որի հետևանքով մենք այստեղ ենք: ԲՀԿ-ն ոչ իշխանական ուժ է, եթե կոալիցիան են կազմում, նշանակում է՝ մեր հե՞տ են, դա այդպես չէ, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ռազմավարությունը, և եթե դա համընկնում է որոշակի գործողությունների, կարող է բանակցել ու համաձայնության գալ ու որոշ իրողությունների մասնակից դառնալ»:










