«Ձե´զ համար, կանա´յք» ծրագրի շրջանակում կանանց դիմելիությունը մեծացել է մարզերում և Երևանում. թիվ 2 բժշկական միավորման տնօրեն

21:54 • 12.03.14

Երևանի բուժհաստատություններում արդեն մեկնարկել է «Ձե´զ համար, կանա´յք» անվճար բուժօգնության մեկամսյակը: Երևանի Թիվ 2 բժշկական միավորման գլխավոր տնօրեն Տիգրան Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև հիվանդների հաճախելիությունը մեծացել է, սակայն դեռևս հերթեր չեն գոյանում, քանի որ իրազեկվածության պակաս կա:

 

«Դեռ մի երկու օր է, որ ծրագիրը մեկնարկել է, կարելի է ասել` մարտի 10-ից, քանի որ տոն էր, հետո՝ շաբաթ-կիրակի: Վստահ եմ, որ աստիճանաբար մեզ ավելի մեծ թվով կանայք կդիմեն, քանի որ սա կարևոր ծրագիր է և առկա սոցիալապես ծանր պայմաններում ունի կարևոր բարեգործական բաղադրիչ:

 

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ հիմնականում իրենց դիմում են նյարդային խնդիրների դեպքում, կանանց մեծ մասն օգտվում է գինեկոլոգիական ծառայություններից:


«Մենք աշխատում ենք նաև երկու մարզերում՝ Արմավիրի և Արագածոտնի, համագործակցում ենք հիվանդանոցների հետ, և այս մեկամսյակի շրջանակում ևս իրականացնում ենք բուժծառայություն: Մարզերում կայանք հիմնականում ցանկանում են օգտվել գինեկոլոգիական բուժծառայությունից և կրծքագեղձի զննության ենթարկվել: Անհրաժեշտ բոլոր մասնագետներով ապահովելու համար համագործակցում ենք բժշկական համալսարանի աշխատողների, «Մոր և մանկան կենտրոնի» մասնագետների հետ և այլն:

 

Տիգրան Խաչատրյանը հավաստիացրեց, որ երբ հիվանդին անհրաժեշտ է լինում հետազոտվել հատուկ սարքավորումների միջոցով, և իրենք չեն ունենում այդ սարքավորումը, ուղեգրում են այլ հիվանդանոցներ, որտեղ կրկին անվճար բուժօգնություն են ստանում:


Երկրորդ բուժմիավորման տնօրենը չբացառեց, որ այս ծրագրի շրջանակնում կարող են լինել նաև դժոհություններ, սակայն, ըստ նրա, դրանք հազիվ թե անցնեն 5-10%-ի սահմանը:

 

«Բոլորս էլ հասկանում ենք, որ իդեալական էլ չի կարող լինել, և եթե հեքիաթներ պատմեմ, դուք էլ ինձ չեք հավատա, բայց ամեն դեպքում՝ ես հանձնարարել եմ բժիշկներին՝ ինձ իրազեկել բոլոր խնդիրների ժամանակ, որպեսզի ցանկացած հարց կարողանանք արագ լուծել: Ամեն դեպքում՝ դեռևս հաճախորդների կողմից դժգոհություն չեմ լսել»,-ասաց նա:

 

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ միայն այս շաբաթվա վերջին կունենան առաջին տվյալները, թե որքան կին է իրենց մոտ զննություն անցել:


Ամեն դեպքում՝ նա հիշեցրեց, որ ցանկացած կին պետք է 6 ամիսը մեկ բուժզննության ենթարկվի, քանի որ բազմաթիվ խնդիրներ, որոնք հայտնաբերվում են վաղ շրջանում, հնարավոր է արագ կանխարգելել: