Սեպտեմբերից երեխաների համար նախատեսված նոր տեսակի պատվաստանյութ կներկրվի Հայաստան

12:14 • 12.03.14

Սեպտեմբերից Հայաստան կներկրվի նոր տեսակի պնևմակոկային պատվաստանյութը, որով կպատվաստվեն արդեն հուլիսի 15-ից հետո ծնված երեխաները՝ 3-ից 4 ամսականում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը և ընդգծեց, որ սրա միջոցով պետք է նվազեցվի թոքաբորբերի ու մինինգիտների քանակը (գլխուղեղի թաղանքի բորբոքվածություն):


«Այս պատվաստման արդյունքը մենք կնկատենք մի քանի տարի անց, երբ կնվազեն մինինգիտներն ու թոքաբորբերը, հետևաբար կպակասեն նաև մանկամահացությունները: Սրանք շատ կարևոր պատվաստումներ են մեր հասարակության ավելի առողջ ապրելակերպի համար»,-նշեց նա և ավելացրեց, որ ինչպես Հայաստան ներկրվող այլ պատվաստանյութեր, այս մեկը ևս կբերվի Բելգիայից ու Ֆրանսիայից մոտ 40 հազ. չափաքանակով:


Tert.am-ի հարցին, թե արդյոք երեխաների ծնողներն իրավունք ունեն հրաժարվել ինչպես այս, այնպես էլ ցանկացած պատվաստումից, մասնագետը պատասխանեց.


«Իհարկե, որևէ մեկին մենք չենք պարտադրում, բայց հետևողականորեն մեր բժիշկները մի քանի անգամ զանգում են ծնողին, բացատրում են երեխային պատվաստելու նշանակությունը: Օրինակ՝ ծնողներից մեկը հրաժարվել էր պենտավալետ պատվաստումից, իսկ հիմա երեխան մինինգիտ ունի և հետևաբար մտավոր հետամնացության խնդիր է առաջացել: Նա այսօր մեղադրում է բժիշկներին, որ իրեն լավ չեն բացատրել պատվաստման կարևորությունը, չեն ստիպել, որ բերի երեխային պատվաստման: Ցանկացած պարագայում միշտ մեղադրում են բժշկին»,-ասաց նա և ընդգծեց, որ բոլոր դեպքերում պատվաստման ռիսկը անհամեմատելի է հիվանդության ռիսկի հետ:


Գայանե Սահակյանը նաև ընդգծեց, որ եթե այսօր հայ հասարակությունն ու բժշկությունը գրեթե մոռացել է այնպիսի հիվանդությունների մասին, ինչպիսիք են փայտացումը, դիֆտերիան, կապույտ հազը, ապա դա հենց պատվաստանյութերի շնորհիվ է:


«Սա չի նշանակում, որ եթե մենք սկսենք չպատվաստվել, այդ հիվանդությունները նորից ի հայտ չի գա: Ցանկացած մարդու թվում է, թե իրեն հարուցիչը կշրջանցի: Բայց տեսեք, թե Վրաստանում ինչպես բռնկվեց կարմրուկի համաճարակ, Մոսկվայում է սկսվում, բայց մեզ մոտ՝ ոչ, որովհետև մենք կանխարգելել ենք»,-ասաց նա: