«Ռոսկոմնադզորը» նախազգուշացում է արել lenta.ru-ին՝ ուկրաինական «Պրավիյ սեկտորի» հետ հարցազրույցի համար

13:28 • 12.03.14

ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզորը» նախազգուշացում է արել lenta.ru գործակալությանը ուկրաինական ազգայնական «Պրավիյ սեկտոր» շարժման առաջնորդներից մեկի՝ Անդրեյ Տարասենկոյի հետ հարցազրույցի հրապարակման համար: Այդ մասին հաղորդվում է Lenta.ru-ի խմբագրություն ուղարկված մամուլի հաղորդագրության մեջ, գրում է lenta.ru-ն:

 

«Ռոսկոմնադզորը» նշել է, որ Տարասենկոյի հետ հարցազրույցը, ինչպես նաև «Դմիտրի Յարոշ. Վաղ թե ուշ, բայց մենք դատապարտված ենք կռվել Մոսկովյան կայսրության դեմ» նյութում, որի վրա հղում է արվում տեքստում, «պարունակում են արտահայտություններ՝ ուղղված ազգային ատելության հրահրմանը»:

 

Նշվում է, որ «ոչ ֆորմալ ծայրահեղական խմբավորումների առաջնորդների ազգայնական կոչերի հրապարակումը, որոնցից մեկի նկատմամբ ռուսական իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել», խախտում է ռուսական օրենքները:

 

12 ամիսների ընթացքում երկու նախազգուշացումից հետո «Ռոսկոմնադզորը» հայցով կդիմի դատարան՝ դադարեցնելու զանգվածային լրատվամիջոցի գրանցման մասին վկայականի գործողությունը: