Մոսկվայի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է ուկրաինական ծայրահեղական խմբավորման առաջնորդ Յարոշին
Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է միջազգային հետախուզման մեջ գտնվող Ուկրաինայի «Պրավիյ սեկտոր» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Դմիտրի Յարոշին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Interfax.ru-ին:
Քննիչը հայտնել է, որ Յարոշը չունի Ռուսաստանի տարածքում մշտական բնակության վայր, նրա գտնվելու վայրը հայտնի չէ, սակայն կան տեղեկություններ, որ նա կարող է գտնվել Ուկրաինայի կամ Լեհաստանի տարածքում:
Անցած չորեքշաբթի Ռուսաստանը միջազգային հետախուզում էր հայտարարել Յարոշի նկատմամբ, նրա նկատմամբ հեռակա մեղադրանք է առաջադրվել՝ ահաբեկչական և ծայրահեղական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչերի համար:
Ավելի վաղ ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզորը» Գլխավոր դատախազության պահանջով արգելափակել է «Պրավիյ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշի էջերը «ВКонтакте» ցանցում: Հաղորդվում էր, որ Յարոշը դիմել է ահաբեկիչ Դոկու Ումարովին՝ խնդրելով աջակցել Ուկրաինային:










