Բելառուսը ՌԴ-ին կառաջարկի իր երկրում ինքնաթիռներ տեղակայել՝ ՆԱՏՕ-ի ակտիվությամբ պայմանավորված
Մինսկն ադեկվատ արձագանք կտա Բելառուսի սահմանին ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայմանը, և կառաջարկի Ռուսաստանին ևս 15 ինքնաթիռ տեղակայել երկրի տարածքում՝ պայմանավորված ՆԱՏՕ-ի ակտիվությամբ. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի ազգային անվտանգության խորհրդի նիստում։
«Բելառուսն ադեկվատ արձագանք կտա ՆԱՏՕ-ի ուժերի ամրապնդմանը երկրի սահմանների մոտակայքում»,-ասել է նախագահը։
Նա հավելել է, որ «Բելառուսը ՌԴ-ին կառաջարկի լրացուցիչ 15 ինքնաթիռ տեղակայել երկրում»։
Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը շարունակում է երկկողմ համաձայնությունների հիման վրա ուժեղացնել համատեղ զորքերը, մասնավորապես՝ ավիացիան։
Բելառուսի նախագահի խոսքով՝ իրենք պարտավոր են արձագանքել և պաշտպանել իրենց շահերը։
«Մենք վերջին շրջանում հետևում ենք հակամարտության սրացմանը։ Դա արդեն տեղի է ունենում ոչ թե Սիրիայում, Լիբիայում կամ Իրաքում, այլ մեր սահմանին։ Դա արդեն առնչվում է մեր շահերին, և մենք իրավունք չունենք նստելու»,- հայտարարել է Լուկաշենկոն։










