Յացենյուկն Օբամայի հետ կքննարկի Ղրիմի խնդրի կարգավորման ուղիները
Ուկրաինական պատվիրակությունը՝ վարչապետ Արսենի Յացենյուկի գլխավորությամբ, այսօր հանդիպում կունենա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությունը:
Ըստ այդմ՝ Օբաման ու Յացենյուկը կքննարկեն Ղրիմում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիները, ինչպես նաև՝ տնտեսական սատարման և Ուկրաինայում նախագահական ընտրություններին պատրաստվելու շուրջ հարցեր:
Ամերիկյան կողմը հայտնել էր, որ Օբաման Յացենյուկին Սպիտակ տուն է հրավիրել՝ «աջակցություն հայտնելու համար»:
Վաշինգտոնում ուկրաինական պատվիրակությունը հանդիպումներ կանցկացնի նաև Կոնգրեսի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ:
Մարտի 13-ին էլ նախատեսվում է Յացենյուկի այցը Նյու Յորքում ՄԱԿ-ի շտաբ-բնակարան: Նա կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ուկրաինայի հարցով բաց նիստին, որը նախաձեռնվել է Ուկրաինայի խնդրանքով:
Ըստ ուկրաինական կողմի՝ նախատեսվում է նաև Բան Կի-մուն - Յացենյուկ հանդիպում:










