Ռուսական բանակը գտնվում է ուկրաինական սահմանի մոտ. ուկրաինացի պաշտոնյա
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին հայտարարել է, որ ուսումնական վարժանքներից հետո ռուս զինվորականները չեն վերադարձել Ուկրաինայի հարևանությամբ գտնվող տարածքներից՝ հակառակ Մոսկվայի հայտարարությունների, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պարուբիի խոսքով՝ կոնֆլիկտի սրման դեպքում ռուս զինվորականները երկու-երեք ժամվա ընթացքում կկարողանան հասնել մինչև Կիև:
Ուկրաինական ստորաբաժանումները պատրաստ են դիմադրել ցանկացած ուղղությունից հարձակման, ընդգծել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը:
Նա նաև նշել է, որ այժմ ուկրաինական իշխանությունների համար առաջնահերթ է Ազգային գվարդիայի ստեղծումը:
Ակնկալվում է, որ հինգշաբթի Գերագույն ռադան որոշում կընդունի օրենքի նախագծի վերաբերյալ, որը ենթադրում է Ազգային գվարդիայի ստեղծում և մասնակի մոբիլիզացիա:
«Մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր իսկապես ցանկանում են ծառայել Ուկրաինային, միանալ Ազգային գվարդիային»,- հայտարարել է Պարուբին:










