Դեռահասի մահը Թուրքիայում բախումների պատճառ է դարձել (լուսանկարներ)
Թուրքիայի տարբեր քաղաքներում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են գրանցվել. մարդկանց փողոց է դուրս բերել 15-ամյա տղայի մահը, ով գլխին հարված էր ստացել անցած ամռանը հակակառավարական ցույցերի ժամանակ և ընկել կոմայի մեջ, իսկ օրերս մահացել է, հաղորդում է Reuters-ը:
Ոստիկանությունը հազարավոր ցուցարարների դեմ ջրցան մեքենա և արցունքաբեր գազ է կիրառել:
Բերքին Էլվանը, ով այն ժամանակ 14 տարեկան էր, հունիսի 16-ին Ստամբուլում փողոցային բախումների ժամանակ ցուցարարների և ոստիկանների միջև էր հայտնվել, երբ դուրս էր եկել ընտանիքի համար հաց գնելու: Նա գլխին հարված ստանալուց հետո ընկել էր կոմայի մեջ, ինչից հետո ընդդիմադիրները պարբերաբար հետևում էին նրա վիճակին:
Իմանալով տղայի մահվան մասին՝ հազարավոր վրդովված մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ բացականչելով «Մարդասպան Էրդողան», «Մարդասպան պետությունը պատասխան կտա», «Էրդողանի կառավարություն, կոռուպցիայի կառավարություն, հրաժարական»:










